Հայոց լեզու, 9-12-րդ դասարաններ

 

«Հայոց լեզու» ուսումնական բնագավառի ուսուցումը նպատակաուղղված է.

  1. մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելուն, մարդկանց հետ հաղորդակցվելուն, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն,
  2. սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցմանը,
  3. գեղագիտական ճաշակի ձևավորմանը, Հայաստանում ապրող մյուս ժողովուրդների և համաշխարհային գրական մշակույթի արժեքների գնահատմանը:

Ընդհանուր հանրակրթական «Հայոց լեզու» դասընթացը 10-11-րդ դասարանում կազմակերպվում է որպես սովորողի խոսքի մշակման հնարավորություն, նրա կողմից հայոց լեզվի պատմության, ընդհանուր, համեմատական լեզվաբանության քննություն, հայերենի օլիմպիադաներին և այլ մրցույթներին   մասնակցության պատրաստություն: Ծրագիրը ներառում է նաև սովորողի խոսքի զարգացումը այլ բնագավառների դասընթացներում նրա ուսումնական գործունեությամբ, ուսումնական բլոգով։ 12-րդ դասարանում «Հայոց լեզու» դասընթացը հիմնականում ուղղված է պետական ավարտական քննության նախապատրաստությանը։

ԽՆԴԻՐՆԱԽԱԳԾԵՐՆ են՝

  • հայոց լեզվի պատմության նախագծեր (հնդեվրոպական լեզվաընտանիքի, հնդեվրոպական միասնությունից լեզուների տրոհվելու մասին ընթերցումներ, հայոց լեզվի պատմության արտաքին և ներքին, տարժամանակյա և համաժամանակյա ուսումնասիրություն՝ աուդիո-, տեսանյութերի, գիտական հոդվածների տեսքով):
  • «Գրաբարի օրեր» ստուգատեսին գրաբար ընթերցանության (ռադիո, տեսանյութ, ներկայացում), գրաբարից աշխարհաբար փոխադրության նախագծերի, նյութերի ներկայացում:
  • «Աճառյանական օրեր» ստուգատեսին գիտաժողովի կազմակերպում, գիտական զեկուցումներ՝ լեզվաբանական այս կամ այն խնդրի շուրջ (զեկուցողներ՝ սովորողներ և դասավանդողներ):
  • Իբրև առանձին նախագիծ՝ Հ. Աճառյանի «Հայերէն արմատական բառարան»-ի արդիականության-ժամանակավրիպության քննարկում, թեմայի վերաբերյալ հոդվածի, աուդիո-, տեսա-, ռադիոնյութերի պատրաստում:
  • Հայոց լեզվի ֆլեշմոբի առաջադրանքների կազմում-քննարկում:
  • «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ծրագրի շրջանակում զեկուցումների ներկայացում Մ. Սեբաստացու՝ որպես աշխարհաբարի քերականության հիմնադրի, նրա լեզվաբանական-քերականագիտական գործունեության մասին:
  • «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ծրագրի շրջանակում Մ. Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» աշխատության ուսումնասիրություն:
  • Ասար Սեբաստացու, Բունիաթ Սեբաստացու աշխատությունների բառապաշարների քննություն՝ որպես հայերենի բառապաշարի պատմական զարգացման առանձին փուլ:
  • Հայոց տեղանունների մասին գիտական և ժողովրդական ստուգաբանությունների զուգադրահամեմատական վերլուծություններ աուդիո-, տեսա-, ռադիոնյութերի տեսքով:
  • Հայերենի օլիմպիադաներին, այլ մրցույթներին ակտիվ մասնակցություն:

 

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ

     Նյութական միջավայրը` ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան անլար ինտերնետ կապով, ձայնային ուժեղարարով, դասավանդողի, սովորողների անհատական համակարգիչ, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ, ուսումնական անհատական թվային միջոցներ (պլանշետ, նեթբուք, նոութբուք), ֆոտոխցիկ, ձայնագրիչ.  դպրոցի, կրթահամալիրի այլ ուսումնական տարածքները, այդ թվում՝ բակը, քաղաքը՝ թանգարան, ցուցասրահ, համերգասրահ, թատրոն, կինոթատրոն, մշակութային այլ կենտրոն, հուշարձան, փողոց, այգի, հանրապետության գյուղ, քաղաք, տեսարժան վայր, ճարտարապետական կոթող։

Մեդիամիջավայրը`  անհատական համակարգչում (պլանշետ, նեթբուք, նոութբուք) դասընթացի ծրագրով որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն, էլեկտրոնային առարկայական թղթապանակ,  դասավանդողի, սովորողի անհատական ուսումնական բլոգներ, կրթահամալիրի մեդիագրադարան, հանդեսներ՝ «Լուսաստղ», «Գրապտույտ», «Դպիր»,  mskh.am, ավագ դպրոցի կայքը, այլ ենթակայքեր,  վիրտուալ պահոցներ և ցանցեր (onedrive, googledrive, YouTube, facebook և այլն), այդ  թվում՝ աշխատանքային նյութի այլ փաթեթներ, ինչպես, օրինակ՝ Բոլոր ժամանակների և ժողովուրդների լեզվաբանական խնդիրներ, Լեզվաբանական ամառային դպրոց, Լեզվաբանություն դպրոցականների համար, Հ. Աճառյանի «Լիակատար քերականությունը», էլեկտրոնային բառարանների (օրինակ՝ nayiri.com), գեղարվեստական գրականության էլեկտրոնային գրադարաններ (ինչպես՝ Համահայկական էլեկտրոնային գրադարան, Գրքամոլ, koob.ru և այլն,  ծրագրերի իրականացմանն առնչվող մեթոդական մշակումները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակ մանկավարժական աշխատողների մշակած և թարգմանած հոդվածներ՝ «Դպիրի» Խոսքի մշակույթ, «Գրականություն» բաժիններում։ Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքները` համացանցին միացված անհատական համակարգիչ (նոութբուք-նեթբուք-պլանշետ), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ: Համակարգչային անհրաժեշտ ծրագրերը`  տեքստի ստեղծման ծրագրեր (MS Office կամ համարժեք այլ)  թվային գրականության ընթերցանության համար (Adobe Reader, WinDjView  reader և/կամ համարժեք այլ),  աուդիո-, տեսանյութի ստեղծման-մոնտաժման ծրագրեր (Adobe Premier Pro կամ համարժեք այլ),  աուդիո-, տեսանյութի օգտագործման համար (Adobe Flash Player, համարժեք այլ), ուսումնական այլ նյութերի ստեղծման և օգտագործման, ուսումնական աշխատանքի արդյունքների ներկայացման համար` Smart Notebook, MS Power Point, նման այլ,  էլեկտրոնային օրագրի, նշումների գրքի տարբերակներ (ինչպես՝ MS Onenote):

ԴԱՍԱՎԱՆԴՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԼՈԳԻՆ, ԴՐԱ ՎԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

           Հայոց լեզվի ուսուցչի բլոգը լեզվաբանական, խոսքային հմտությունների զարգացմանն ուղղված մեդիագրադարան է և գրական մեդիաընթերցարան, նրա վարած դասընթացի ուսուցման հիմնական միջավայրը։ Բլոգի կառուցվածքը, որոնման և զտման (ըստ ուսումնական թեմաների, հեղինակների, տեղադրման ժամանակի…) հնարավորությունները հարմար են, մատչելի՝ սովորողներին, այլ շահառուների։

Բլոգի բովանդակությունը.

  • իրականացվող ուսումնական ծրագրերը,
    · իրականացվող ուսումնական նախագծերը,
    · ծրագրով որոշված գրական երկերի, մեդիափաթեթների հղումներ,
    · անհրաժեշտ տեսական գրականություն՝ լեզվաբանություն,
    · դասավանդողի ստեղծած նյութերը՝ ուսուցողական նյութեր (օրինակ՝ առանձին թեմաներով ինտերակտիվ դաս, խոսքային ընդհանուր սխալների ուղղում), մեթոդական հոդված, թարգմանություն, պետական քննությանը պատրաստող հարցերի, առաջադրանքների, նյութերի փաթեթ, ուսումնական այլ նյութեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ֆիլմեր, աուդիոնյութեր,
    · ինքնակրթությամբ զբաղվող սովորողների լեզվաբանական հարցերի և դրանց պատասխանների բաժին.  դասավանդողի օրագիր (որոշակի օրը, որոշակի պարապմունքի ժամանակ գործածվող ուսումնական նյութեր, առաջադրանքներ, աշխատանքային այլ նյութեր (հղումները), դիտարկումներ, առաջարկություններ և այլն)։

Բլոգում նյութերի ծրագրային մասը հրապարակվում է ուսումնական տարին սկսելուց առաջ, ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում և փոխվում են, ուսումնական պարապմունքի համար նախատեսվող նյութերը հրապարակվում են պարապմունքից առաջ. այդ նյութերը սովորողներին հնարավորություն են տալիս պատրաստվելու պարապմունքին, բացակայող սովորողին` մասնակցելու ուսումնական աշխատանքին, սահմանված կարգով լրացնելու ուսումնական պարապմունքը: Բլոգում կարող են լինել նաև անհրաժեշտ առցանց բառարաններ (հղումներ)՝ բացատրական, արմատական, հոմանիշների, Հայկազյան, ուղղագրական, թարգմանչական՝ անգլերեն-հայերեն, ռուսերեն-հայերեն (կարող են լինել նաև այլ լեզուներով բացատրական բառարաններ՝ սովորողին ցույց տալու, որ բացատրական բառարաններում օտար լեզվով բառի բոլոր իմաստները երբեմն չեն լինում), սովորողների բլոգներում դասընթացի էջերի հղումները և այլ տեղեկություններ։
ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԼՈԳԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԲԱԺՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Սովորողի բլոգի առարկայական բաժնում երևում են.

  • դասավանդողի բլոգը,
  • սովորողի կողմից ընթերցված, ընթերցվող գրքերը,
  • սովորողի ստեղծած նյութերը՝ ոչ միայն ըստ ուսումնական բնագավառների, այլ նաև ըստ խոսքի տեսակների՝ բանավոր (աուդիո) և գրավոր՝ գրական ընթերցում (տեսանյութ, աուդիոնյութ), թարգմանություն, ակնարկ, վերլուծություն, հրապարակախոսություն, լրատվություն, հարցազրույց, ռեֆերատ:

«ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄՈԴՈՒԼՆԵՐ

  • Խմբագրում-սրբագրում. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/6-ի չափով:
  • Քերականություն։ Հիմնական դպրոցում անցածի կրկնություն` խոսքի շարահյուսական և ձևաբանական վերլուծության միջոցով. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/9-ի չափով:
  • Հայոց լեզվի պատմություն. հնչյունական օրենք. գրապայքար, դրա ժամանակակից դրսևորումը. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով:
  • Ժամանակակից հայերենում բառօգտագործման, ձևաբանական, շարահյուսական տարածված սխալները. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով:
  • Տեղեկատվական խոսք. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով:
  • Ռեֆերատ. սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագիծ;
  • Հարցազրույց (տեքստ, աուդիո-, տեսանյութ). 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով;
  • Լրատվություն-լուսաբանում (տեքստ, աուդիո-, տեսանյութ, ֆոտոպատում). 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով,
  • Թարգմանություն (տեքստ, աուդիո-, տեսանյութ). 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով:
  • Սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր:
  • Պետական ավարտական քննության շտեմարաններ. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով:
  • Ուսումնական ճամբարի նախագծեր. 10-12-րդ դասարանում՝ հունվարին և հունիսին:
  • Ուսումնական ստուգատեսային նախագծեր. սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր:
  • Ծրագրի իրականացում: Ծրագրի բաղկացուցիչ ուսումնական մոդուլների հերթականությունը պայմանական է, ուսուցման ժամկետները՝ մոտավոր։ Դրանց հերթականությունը՝ իրենց ժամաքանակով, ուսումնական նախագծերով, ուսումնական ճամփորդություններով, որոշում է դասընթացը վարող ուսուցիչը՝ նախապես հրապարակելով իր (դասարանի) ծրագիրը: Պարտադիր չէ, որ դասարանի բոլոր սովորողները միասին նույն ուսումնական նույն մոդուլը կամ նույն նախագիծն իրականացնեն. ուսումնական կիսամյակի սկզբին մշակվում (ճշգրտվում) է սովորողի անհատական ուսումնական ծրագիրը՝ անհատական ուսումնական աշխատանքի բովանդակությունը։ Մոդուլի աշխատանքային ուսումնական նյութը և արդյունքում ստացվող նյութը դասավանդողի առաջարկությամբ կամ համաձայնությամբ կարող է լինել նաև այլ դասընթացի ծրագրով որոշված նյութ։ Կարևորն այն է, որ աշխատանքը ինքնանպատակ չլինի Ուսումնական պարապմունք։ Ծրագրի իրականացման համար ուսումնական տարվա ընթացքում սահմանված կարգով կազմակերպվում են տարբեր տեսակի ուսումնական պարապմունքներ՝ կաբինետային (որ կարող է կազմակերպվել կաբինետում կամ դպրոցի, կրթահամալիրի տարածքում), բացօթյա-բակային, ճամբարային, պարապմունք քաղաքի, հանրապետության կրթական-մշակութային, արտադրական և այլ հաստատությունում, ուսումնական հայրենագիտական ճամփորդություն-պարապմունք, ստեղծագործական հավաք-պարապմունք, դաշտային աշխատանք-պարապմունք (ուսումնական նյութերի հավաքում, հետազոտություն և այլն)։ Ուսումնական պարապմունքը ծրագրվում է այնպես, որ ոչ միայն դասընթացի ծրագրով որոշված բովանդակությունը յուրացվի ուսումնական պարապմունքների միջոցով, այլև գործեն հեղինակային կրթական ծրագրի սկզբունքները` ուսուցման անհատականացումը, մոբիլությունը, օգտագործվեն ուսուցման անհատական թվային միջոցները, համակարգչային ծրագրերը, սովորողը զբաղվի ուսումնական գործունեության տարբեր տեսակներով` ուղղված ուսումնական տարբեր հմտությունների յուրացմանը: Ըստ իրականացվող ուսումնական մոդուլի, նախագծի՝ պարապմունքի մասնակիցները կարող են աշխատել միասին մեկ տարածքում կամ տարբեր տեղերում:

 

ՍՈՎՈՐՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ.

  1. Տեքստային աշխատանք. տեքստի վերլուծություն, սեղմագրի կազմում, ձևաբանական և շարահյուսական վերլուծություն, աուդիոնյութի, տեսանյութի ստեղծում՝ որպես գրական ընթերցանության, վերլուծության աշխատանքի ներկայացում, տեսակետի, վերաբերմունքի արտահայտության ձև.  սեփական տեքստի ստեղծում, ռեֆերատ, թարգմանություն, հարցազրույց, խմբագրում, սրբագրում: Ստեղծվող, թարգմանվող տեքստերը կարող են առնչվել ինչպես հայոց լեզվի դասընթացի ծրագրով առաջարկվող նախագծերին, այնպես և սովորողի ընտրած ակումբային գործունեությանը, նախամասնագիտական ուսուցմանը, այլ դասընթացի ծրագրով իրականացվող ուսումնական նախագծերին։
  2. Պետական ավարտական քննության նախապատրաստական աշխատանք. քերականական, գրական գիտելիքների ստուգում:

 

ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Սովորողի կատարած աշխատանքը գնահատվում է երկու մասով՝ կատարած աշխատանքի քանակով և որակով։ Սովորողը ընդհանուր հանրակրթական առարկաների, իր ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացների, ընտրած ակումբի աշխատանքների և ուսումնական արդյունքների համար գնահատվում է առանձին-առանձին։ Ընդհանուր հանրակրթական առակայից գնահատականի բաղկացուցիչ է նաև այլ առարկաներից կատարած որակյալ գրավոր հետազոտական կամ նախագծային աշխատանքը, եթե հրապարակվածը սովորողի խոսքն է, ոչ թե համացանցից արտագրած էջ։ Գնահատվում են սովորողի բլոգում հրապարակված աշխատանքները, դրանց քանակը (մինիմալ դրական) և պահանջված որակը՝ ըստ ամեն աշխատանքի համար նախօրոք ներկայացվող չափանիշի։ Սովորողն է որոշում, թե իր կատարած որ աշխատանքներով իրեն գնահատեն: Եթե դասավանդողը սովորողի բլոգում հանդիպում է աշխատանքի, որի հիման վրա կարող է ավելի բարձր գնահատել, գնահատում է այդ աշխատանքով՝ սովորողին բացատրելով առավելությունները: Գնահատումը` 10-միավորանոց համակարգով: Հայոց լեզվի ընդհանուր հանրակրթական դասընթացից սովորողի գնահատականը 8-ից բարձր կարող է լինել սովորողի առանձնահատուկ ջանքերի, այլ դասընթացների, ակումբների ծրագրերով խոսքային աշխատանքի որակի համար:

Այսպիսով՝ գնահատվում են.

  1. Անսխալությունը՝ քերականական, ուղղագրական և իմաստային տեսակետներից։
  2. Ստեղծած տեքստերի քանակը:
  3. Խոսք կառուցելու վարպետությունը (արագություն, պատում, խոսքի կանոնավորություն, արտահայտչականություն):
  4. Նախագծերին մասնակցությունը:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ» ԴԱՍԸՆԹԱՑԸ տրոհվում է առանձին դասընթացների՝ հնչյունաբանության, ուղղագրության, կետադրության, բառագիտության, ձևաբանության, շարահյուսության, և ուղղված է պետական ավարտական-միասնական քննություններին, հայերենի օլիմպիադաներին և այլ մրցույթներին նախապատրաստմանը:
Հայոց լեզվի  ուսուցման խնդիրնախագծերն են՝

  • սովորողի մտքի և գործունեության ազատության զարգացում,
  • ուսումնական ընդհանուր կարողությունների և հմտությունների զարգացում,
  • ինքնուրույն սովորելու հմտությունների զարգացում,
  • ընթերցելու, լսելու կարողությունների զարգացում,
  • ճամփորդություններ Հայաստանի մարզերում, բարբառների, տեղանունների (բնականուններ, աշխարհագրական անուններ՝ գետանուններ, լճանուններ, լեռնանուններ և այլն) ուսումնասիրություն,
  • «Թումանյանական օրեր» ծրագրի շրջանակում ճամփորդություն Լոռու մարզ, Լոռու բարբառի ուսումնասիրություն, Հովհ. Թումանյանի մասին բարբառով հարցազրույցի թողարկում,
  • լեզվաբանական ամենամսյա գիտաժողովի կազմակերպում,
  • գիտաժողովների զեկուցումների հիման վրա սովորողների կողմից հայոց լեզվի ֆլեշմոբի առաջադրանքների կազմություն,
  • հայալեզու ուսումնական, հրապարախոսական, գիտա-հանրամատչելի նյութերի ստեղծում և դրանց տարածում համացանցով (գրավոր և բանավոր),
  • ավագ դպրոցի շրջանավարտի` հայոց լեզվի, գրականության պետական ավարտական քննությանը նախապատրաստում։

ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ» ԴԱՍԸՆԹԱՑ

 ԽՆԴԻՐՆԱԽԱԳԾԵՐ

  • Հայոց լեզվի լիարժեքուսուցանում (հնչյունաբանություն, ուղղագրություն, բառագիտություն, ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ),
  • ընդհանուր լեզվաբանական գիտելիքների մատուցում, ըստ այդմ՝ լեզվազգացողության զարգացում, համեմատական քերականության ուսումնասիրության վերաճում,
  • տրամաբանական կարողության, վերլուծական ու նկարագրական հմտությունների, դիտողունակության զարգացում,
  • ինքնուրույն սովորելու հմտությունների զարգացում,
  • հայոց լեզվի պատմության ուսուցանում՝ սկսած նախագրային ժամանակաշրջանից ցայսօր, հնդեվրոպական միասնությունից՝ լեզուների տրոհումը և ինքնուրույն զարգացումը:
  • հնդեվրոպական նախահայրենիքի տեղակայման որոշում, հնդեվրոպացիների տեղաշարժի քարտեզագրում եղած և մեր ուսումնասիրության հիման վրա առաջադրված տեսակետների հիման վրա:
  • ճամփորդություններ Հայաստանի մարզերում, բարբառների, տեղանունների (բնականուններ, աշխարհագրական անուններ՝ գետանուններ, լճանուններ, լեռնանուններ և այլն) ուսումնասիրություն,
  • հայոց լեզվի ֆլեշմոբի առաջադրանքների քննարկում-կազմություն,
  • «Թումանյանական օրեր» ծրագրի շրջանակում ճամփորդություն Լոռու մարզ, Լոռու բարբառի ուսումնասիրություն, Հովհ. Թումանյանի մասին բարբառով հարցազրույցի թողարկում,
  • լեզվաբանական ամենամսյա գիտաժողովի կազմակերպում,
  • գիտաժողովների զեկուցումների հիման վրա սովորողների կողմից հայոց լեզվի ֆլեշմոբի առաջադրանքների կազմություն և այլն:

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՅՈՒԹԸ

Ընդհանուր հասկացողություն լեզվի մասին, հնդեվրոպական լեզվաընտանիք, հնդեվրոպական միասնության ժամանակաշրջան և հայերիս` նրանից տրոհվելու և նախահայերենի ձևավորման մասին գիտելիք, հայոց ժողովրդանուններ` հայ, արմեն, սոմեխ, ֆլա, ասքանազյան, թորգոմյան ազգ և այլն, լեզու և խոսք։ Ամբողջի և բաղադրիչների հարաբերությունը լեզվում (լեզվական միավորների գումար՝ խոսք, խոսքի վերլուծություն՝ լեզվական միավորներ)։ Հայոց լեզվի զարգացման պատմություն։ Գրավոր և բանավոր խոսք:

Հնչյունաբանություն։ Հնչյուն, հնչույթ, տառ (հայերենի հնչույթներր, հայոց այբուբենը)։ Հնչյունների տեսակները (հայոց լեզվի հնչյունական համակարգը)։ Հնչյունի տևողություն, ուժգնություն, շեշտ, հնչաբառ, շեշտված, անշեշտ և հարաշեշտ բառեր։ Երկհնչյուններ, կրկնակ բաղաձայններ: Վանկ, տեսակները։ Հնչյունական օրենք, հնչյունափոխություն։ Ուղղախոսություն, ուղղագրություն և տողադարձ:

Բառի տեղը որոշակի իմաստ ունեցող լեզվական միավորների մեջ (բառակազմական և բառահարաբերական ձևույթներ, բառակազմական և ձևակազմական հիմքեր, բառի ուղիղ և թեքված ձևեր (բառաձևեր))։ Բառի իմաստները (ուղղակի և փոխաբերական, հիմնական և ածանցյալ իմաստներ, նախնական իմաստ և իմաստափոխություն, քերականական իմաստ)։ Բառերի տեսակները` ա) ըստ իմաստի՝ մենիմաստ և բազմիմաստ, լիիմաստ և թերիմաստ (սպասարկու), հոմանիշ և հականիշ բառեր, բ) ըստ ձևի՝ նույնանուն և հարանուն բառեր, գ) ըստ կազմության՝ պարզ և բաղադրյալ (ածանցավոր, բարդ և բարդածանցավոր, հոդակապով և անհոդակապ), գրությունը` կցական և հարադիր բարդություններ, կրկնավորներ, դ) ըստ բառապաշարային շերտերի և կիրառական ոլորտների՝ համագործածական, կենցաղային, գրքային, դիպվածային, մասնագիտական բառեր, հնաբանություններ, մանկաբառեր, հայհոյական բառեր և այլն, ե) ըստ ծագման՝ բնիկ, փոխառյալ, նորակերտ և այլն։ Դարձվածքներ։ Անձնանուններ: Տեղանուններ: Դիցանուններ:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ- Մ. ՍԵԲԱՍՏԱՑՈՒՆ՝ առաջին անգամ որպես աշխարհաբարի քերականության հիմնադրի դիտարկում, ըստ այդմ՝ ժամանակակից հայերենի քերականության լիարժեք, ԼԻԻՐԱՎ ուսումնասիրություն:

Ձևաբանություն: Խոսքի մասեր`ա) գոյական անուն, տեսակները, բ) ածական անուն, տեսակները, գ) թվական անուն, տեսակները. դ) դերանուն, տեսակները, դերանվանական հոդեր, ե) բայ. դիմավոր և անդեմ բայեր, դերբայների տեսակները, զ) մակբայ, տեսակները, Է) կապ, տեսակները (ըստ դիրքի, ըստ կապականացման, հոլովառության), ը) շաղկապ, տեսակները. թ) ձայնարկություններ, տեսակները, ժ) վերաբերականներ, տեսակները։

Խոսքիմասային տարարժեքություն. խոսքիմասային փոխանցումներ:

Քերականական իմաստ և քերականական ձև. քերականական արտահայտության միջոցներ. բառահարաբերական ձևույթներ։ Ձևակազմական հիմքեր, անվանական և բայական հիմքեր, հիմքերի աստիճանականություն, տարահիմքություն։ Բայի կազմությունը, անկատարի (ներկայի) և կատարյալի (անցյալի) հիմքերը, անկանոն հիմքեր։ Ձևաբանական կարգեր. ա) անձի և իրի, առկայացման և անառկայացման (հոդային). բ) թվի (գոյականի, դերանվան, դիմավոր բայի թիվը. հավաքականություն. անեզակիություն և անհոգնակիություն), գ) հոլովի (հայերենի ներքին և արտաքին հոլովումները, հոլովները), դ) համեմատության աստիճանավորման, ե) դեմքի (անձնական դերանվան և դիմավոր բայի դեմքը), զ) եղանակի, Է) ժամանակի, ը) կերպի, թ) բայի սեռի, ժ) հաստատման-ժխտման:

Ձևաբանական հոմանշություն՝ ա) հոգնակիի հոմանիշ ձևեր, բ) հոլովաձևեր — կապական բառակապակցություններ, գ) ուղղական — տրական ձևերի հոմանշություն (հայցական հոլով), անձի և իրի առումներ, դ) ածականի համեմատության աստիճանների հոմանիշ ձևեր, ե) պատճառական ածանցի ևտալ բայի հոմանշություն, զ) բայական ժամանակների և եղանակների հոմանշություն։

Շարահյուսություն։ Տեքստ, պարբերություն, բառակապակցություն, նախադասություն։ Նախադասություն, նրա հատկանիշները. շարադասություն և տրամաբանական շեշտ։ Շարահյուսական կարգեր՝ համադասություն, ստորադասություն (ենթաստորադասություն, համաստորադասություն), համաձայնություն (ենթակա, ստորոգյալ), խնդրառություն, առդրություն։ Նախադասաթյունների տեսակները՝ ա) պատմողական, հարցական, բացականչական, հրամայական, բ) համառոտ, ընդարձակ, գ) անդեմ, անենթակա, դ) թերի, ե) պարզ, բարդ համադասական, բարդ ստորադասական, բազմաբարդ նախադասություններ: Զեղչում (ենթակայի, ստորոգյալի կամ ստորոգելիի, շաղկապի)։ Միջանկյալ բառեր և նախադասություններ։

Մեջբերվող խոսք, տեսակները՝ ա) ուղղակի, արտաքին, ներքին, մեջբերում (ուղղակի խոսքում հեղինակի խոսքի շարադասությունը), բ) անուղղակի։

Շարահյուսական հոմանշություն, նախադասությունների փոխակերպման, դրական — ժխտական կառույցներ (միայն բայով ժխտում, լիակատար ժխտում), բ) կրավորական — ներգործական կառույցներ, գ) բաշխական և քանակական թվականներով կառուցված կապակցություններ, դ) պարզ նախադասությունների խումբ — բարդ նախադասություն, ե) դերբայական դարձված — երկրորդական նախադասություն, զ) ուղղակի խոսք — անուղղակի խոսք, է) հարցական, հրամայական, բացականչական նախադասություն, պատմողական նախադասություն։

Շարադասական փոփոխություններ`բառերի կամ բառակապակցության, դերբայական դարձվածի անդամների, երկրորդական նախադասության իմաստային և կետադրական փոփոխություններ։

Տեքստաբանություն: Այս շրջանակը ներառում է զանազան տեքստերի՝ գիտական, գեղարվեստական, բառապաշարի քննություն՝ բնիկ և փոխառյալ բառաշերտերի վերհանմամբ, ոճաբանական ուսումնասիրություն, լեզվի, ի մասնավորի՝ բառապաշարի և քերականութան պատմական զարգացման առանձնահատկությունների ցուցադրում: Միջնադարյան բժշկապետեր Ասար Սեբաստացու, Բունիաթ Սեբաստացու բժշկարանների քննություն, «Գիրք վաստակոց» երկի բառապաշարի և քերականության ուսումնասիրություն, դրանց համեմատությունը ժամանակակից հայերենի համապատասխան իրակությունների հետ, տարբեր հեղինակների ձեռագրերի վերծանում, ձեռագրի ճանաչում և այլն:

 

ՈՒՍՈՒՑՄԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Սկզբունքներն են`

  • Ազատ մտածողությամբ, իր արարքները գիտակցող և դրանց համար պատասխանատվություն կրող մարդու ուսուցումը պետք է լինի ակտիվ՝ ամեն սովորողի հնարավորություն ընձեռելով հնարավորինս շատ ինքնուրույն հայտնագործումներ անելու: Ուսուցիչը ամեն կերպ պետք է խրախուսի սովորողի ինքնուրույն ու ստեղծական գործունեությունը։
  • Ուսուցիչը դասի աշխատանքային մթնոլորտի կազմակերպողն ու ապահովողն է, սովորողին աշխատելու մղողը, նրա աշխատանքին հետևողն ու ոգեշնչողը։ Նա սովորողի համար ինքնուսուցման` մտավոր կարողություններն օգտագործելու և դրանք զարգացնելու պայմաններ է ստեղծում։

Լեզվի տեսություն ուսուցանելու բազմաթիվ եղանակներից ընտրվում է հատկապես ինքնուրույն յուրացման եղանակը, որի դեպքում սովորողը ծրագրային նյութի հետ յուրացնում է ինքնուսուցման հմտություններ, ձեռք է բերում ինքնուրույն աշխատանքի սովորություն: Իրական կրթությունը ձեռք է բերվում սեփական պրպտումների, հայտնագործությունների, ինքնուրույն աշխատանքի միջոցով։ Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական թվային միջոցների լիարժեք և ամբողջական կիրառմամբ:

Լեզվաբանական տեսական գիտելիքի յուրացման համար սովորողն օգտվում է լեզվաբանական գիտական գրականությունից: Ուսումնական պարապմունքը կազմակերպվում է լուսացրի, համացանցի, անհատական համակարգիչների, ձայնագրիչի կիրառմամբ: Ուսումնական պարապմունքի ծրագիրը ուսուցչի օրագրում տեղադրվում է մինչև պարապմունքը սկսելը: Ծրագրում նշվում են պարապմունքի ուսումնական նյութերը, դասարանում և տանը կատարվող ընդհանուր առաջադրանքները, առանձին սովորողներին ուղղված առաջադրանքները: Լեզվական իրակությունների յուրացումը կազմակերպվում է քերականական վերլուծությունների, հարցաշարերի օգնությամբ` աշխատանքի կատարման արդյունքում ամբողջական տեքստ ակնկալող առաջադրանքներով։
ՄԵԹՈԴՆԵՐԸ`

  • Սովորողները, լայնորեն օգտագործելով մասնագիտական գրականությունը, ինքնուրույն բացատրում են լեզվական իրակությունները, վերլուծություններ կատարում: Այս ուսումնասիրության արդյունքում նրանք ընդհանրացումներ կատարելու փորձ են ձեռք բերում, իսկ ստացած գիտելիքն արդյունքում դառնում է խիստ տպավորիչ ու հիշվող:
  • Սովորողները կազմում են լեզվաբանական մեծ տեքստերի սեղմագրեր: Այս մեթոդի շնորհիվ ձեռք են բերում մտքերը կանոնիկ ու համակարգված, նպատակային ներկայացնելու հմտություն:
  • Որևէ սովորողի անհասկանալի կամ ոչ լիարժեք թվացող լեզվաբանական հարցը նախ նրան բացատրում են մյուս սովորողները, համատեղ քննարկում, համատեղ հասնում իմացության, անհրաժեշտության դեպքում միջամտում է և ուսուցիչը:
  • Պնդումներ առաջադրելը լեզվաբանական հմտությունները զարգացնելու բավական պարզ, բայց և արդյունավետ մեթոդ է: Ուսուցիչն առաջադրում է որոշակի պնդումներ, սովորողները պետք է պատասխանեն` ճիշտ է, թե սխալ, և հիմնավորեն պատասխանները:
  • Սովորողներից յուրաքանչյուրն իր ընկերոջը տալիս է ձևաբանական վերլուծության օրինակներ, որոնց հիման վրա նա կազմում է նախադասություններ:
  • Սովորողները կազմում են նախադասության շարահյուսական վերլուծության գծապատկերներ` որպես առաջադրանքներ իրենց ընկերների համար, իսկ վերջիններս, ըստ այդ գծապատկերների, կազմում են նախադասություններ: Նույնը կատարում են նաև հակառակ ուղղությամբ` նախադասությունից են գնում առ գծապատկեր:
  • Սովորողներին հնարավորություն է տրվում իրենց հետաքրքրող թեմայի վերաբերյալ հետազոտական աշխատանք գրել և իբրև զեկուցում ներկայացնել երկու ամիսը մեկ դպրոցում կազմակերպվող գիտաժողովներում, որն էլ հնարավորություն է տալիս սովորողին մասնագետների ու ընկերների հետ բանավոր քննարկում ծավալել և հասնել թեմայի լիարժեք իմացության, մյուս կողմից` ծանոթանալ ընկերների ուսումնասիրություններին նույնպես: Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած զեկուցումները երաշխավորվում են տպագրության, ինչի շնորհիվ սովորողները նաև գիտական հոդված գրելու հմտություններ են ձեռք բերում:
  • Սովորողները կազմում եմ լեզվաբանական խաչբառեր իրենց ընկերների համար, վերջում համատեղ քննարկում են կազմակերպում:
  • Հայերենից լիարժեք գիտելիքներ ստանալուց հետո անցում է կատարվում զուգադրահամեմատական վերլուծություններին` արտաքին և ներքին, համաժամանակյա և տարժամանակյա: Սովորողները տարժամանակյա մեկնակետով ինքնուրույն համեմատում են հայոց լեզվի զարգացման հին ու նոր փուլերը, ապա` հայերենը համեմատում որևէ օտար լեզվի հետ` լինի իրենց ծանոթ կամ անծանոթ: Զուգադրահամեմատական քննությունից հետո էլ առաջիկա գիտաժողովում ներկայացվում են արդեն համեմատական վերլուծություններ:
  • Գիտաժողովներում զեկուցումներով հանդես եկող ապագա լեզվաբաններին ուսուցիչը կարող է հնարավորություն տալ, դիցուք, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում կազմակերպվող լեզվաբանական գիտաժողովներին ներկա գտնվել և լսել մասնագետների զեկուցումները, ինչի շնորհիվ սովորողներն առավել կընդլայնեն լեզվաբանական հետազոտությունների ու հետաքրքրությունների սեփական շրջանակը և առավել կխանդավառվեն իրենց հայտնագործումներով:

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ`

  • Հետազոտական աշխատանքներ,
  • ռեֆերատներ,
  • գործնական աշխատանքներ:

 

Գրականություն

Բառարաններ` nayiri.com

Բանասիրության հանրագիտարան

Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն. Նախագրային ժամանակաշրջան

Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, Հ. 1, Հ. 2

Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն

Աշոտ Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու

Աշոտ Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու: Ձևաբանություն

Մանվել Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու: Ձևաբանություն

Աբրահամյան և այլք,  Շարահյուսություն

Յու. Ավետիսյան, Հայոց լեզու: Շարահյուսություն և այլն:
http://gradaran.mskh.am/

Սուսան Մարկոսյան, Գործնական քերականություն

Վանուհի Բաղմանյան, Հոդվածներ :

 

Advertisements