ՖԼԵՇՄՈԲ ՀԱՅԵՐԵՆԻՑ

Առաջին հայացքից խիստ տարբեր երկու եզրեր` ֆլեշմոբ և հայերեն. ի՞նչ կապ կարող են ունենալ: Նախ` ֆլեշմոբ բառի մասին` բառն առաջացել է flash mob robberie տարբերակից. 2003 թվականին ԱՄՆ Մանհեթեն վարչական շրջանում մի խումբ երիտասարդներ ցանկացել են իրենց բողոքն արտահայտել կողոպուտի դեմ: Հետագայում բառիմաստն ընդլայնվեց` տարածվելով մարդկանց հիմնականում անկանոն և հանպատրաստից շարժումների վրա: Հենց բառիմաստի ընդլայնման շնորհիվ էլ ֆլեշմոբն աղերսվեց հայերենի, մաթեմատիկայի և այլ առարկաների հետ` դառնալով ուսուցման տարբերակ ըստ այնմ, որ միևնույն ժամանակահատվածում բոլորը միահամուռ աշխատում են: Որքան էլ ֆլեշմոբը փորձում են դիտարկել իբրև հանպատրաստից գործողության, այսպես ասած, բռնկում, այդուհանդերձ, եթե այն զանգվածային է, հանպատրաստից լինել չի կարող, հիմքում անպայման պայմանավորվածությունն է, ինչպես որ, դիցուք, հայերենյան ֆլեշմոբի դեպքում: Հետևաբար ֆլեշմոբ և հայերեն եզրույթները հակադիր բևեռներ չեն, և կարիք չկա մաքրամոլության (պուրիզմի) թավուտներում խարխափելով` ֆլեշմոբ բառի հայերեն տարբերակը փորձել պեղել, որովհետև նման բոլոր փորձերը «աղետ» են դարձել`Internet Explorer — ոստայնի զննիչ թարգմանության տեսքով:

Հայերենյան ֆլեշմոբը մեկնարկեց նոյեմբերին: Ձևավորվեց առաջին ֆլեշմոբի պատասխանատուների խումբ, առցանց քննարկմամբ համակարգվեցին առաջադրանքները և հրապարակվեցին Google Диск-ի միջոցով:

Արդյունքները` թե՛ մասնակցության, թե՛ աշխատանքի բարձր արդյունավետության առումով, գերազանցեցին մեր սպասելիքները: Գրանցվեց 455 մասնակից` 109-ը` Նոր դպրոցից, 54-ը` Հիմնական, 31-ը` Գեղարվեստի դպրոցներից, 61-ը` Դպրոց-պարտեզից, 137-ը` Միջին դպրոցից, 13-ը` Ավագից, 50-ը`այլ դպրոցներից: Շարունակել կարդալ “ՖԼԵՇՄՈԲ ՀԱՅԵՐԵՆԻՑ”

Գետափի երազանք

30510482

Գյուղն համորեն կը մրափե ծոցն արևոտ ժայռերուն,
տիվանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտություն մը սյուքի,
ու ջուրերուն վրա կը ցանե գինովի դողն իր թրթռուն,
գետն համբույրի մը երազով դեպ ի ափունք կը թեքի:
Գետեզերյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն,
ինձ անծանոթ թավուտքներե կը խրկեն բույրն հեշտանքի,
որ համրորեն կը ծավալի ծաղիկներեն այն լըքուն,
ասդին անդին տարտըղնըված` որոնց հոգին կը ցամքի:
Եվ հընամի ծառեր զյումրյութ միայնությանց ընդմեջեն
կ’արտածորեն մուշկի բույրեր ու ժպիտներ ալ բոսոր.
կիսամըրափ կ’երազեմ, զիս աղաղակներ կը կանչե՜ն…:
Ձայներ` դյութիչ աշխարհներե, տարտա՜մ, անո՜ւյշ, հեռավո՜ր`
որոնք անդին զիս կը տանին երանաստան մը բաղձոտ
Ու կը նիրհեմ արբշիռ` հովին դյութիչ նեկտարն ըմպած հոդ:

Աքասիաներու շուքին տակ

87082270_Akaciya1

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ:
Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ:
Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ:
Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական:
Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ…:

Արևին

 

4836_640

Հարավի մեղմ ու լիաշունչ հովին հետ,
որ վաղուց երազված համբույրի մը պես,
իմ սիրակարոտ հոգիս հեշտանքով կը լիացնե,
շողա՛, ո՜վ արև, շառափներովդ ոսկեծայր,
մառախլապատ Երկունքիս մեջ`
ուր Մտածումը կը դեգերի ուղեմոլար,
շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…:
Պատուհանիս հեղուկ ծոցին մեջ ինկած խելահեղ,
միջօրեի հեշտադալար ու բոցակապ երազին գիրկը,
թևատարած կըսպասե՜մ.
պլլե՜ զիս բոցեղեն ցանցերուդ մեջ,
ու օրորե՜ ջերմագին
ու կիզանուտ համբույրիդ տակ
թող հոգվույս մեջեն անցնին կարգավ
մանուկներն ընդարմացած:
Մինչև որ
կանգնիմ նորեն ու անցնի՜մ դարձյալ
տարփանքիս խանդաղատ ճամբաներեն:
Հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա՛…
հոգիս թռչնիկ մըն է,
օդ ու լույսի, երգ ու ծիծաղի կարոտ,
բայց երգը, որ իր ալուցքեն կը թռչի,
անտես ու ստվերոտ սանդուխներու վրա
կ’իյնա շնչահեղձ:
Շողա՜, շողա՜, բարի՜ արև, հինա՜նդ եմ…
Ճառագայթող գոլիդ մեջ հեշտագրգիռ,
մինչ կը խժա տարօրինակ, խոլ պարը զամբուռներուն`
հուրքե՛դ գինովցած`
ու, մինչ թուփ ու ծաղիկ ծարավեն կը մարմըրին,
ես կ’ըմբոշխնեմ խտղտանքն անանուն` երջանիկ տիվանդորրիս
համրորեն ու գիտակից
գինովությամբ հեշտագին:
Քի՜չ մըն ալ դեռ,
ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ արև, հինա՜նդ եմ…
Վերջին անգա՜մ մըն ալ,
դեռ իրիկո՜ւն չեղած,
ու, դեռ տամուկ գիշերին վըհուկը զիս չընդգրկած,
վերջին անգա՜մ մըն ալ
փարե հոգվույս խանդաբորբ ու կաթոգի՜ն,
հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա՜…:

Անանուն

406180546-750x375

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է:
Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…:
Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:
Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…:

Այգերգ

ա01

Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն` կոչնակը վանքին,
եղնիկները մըթնշաղին դեպի գետափ կը դիմեն.
աղջիկ մըն է կարծես հովը` գինով մուրտի բուրումեն`
որ ջուրերուն վրա կը դառնա սարսուռի պարն հեշտագին:
Վանքի քովի արահետեն կարավանները կ’անցնի՜ն,
բոժոժներուն երգը լալով գիշերին մեջ տրտմորեն.
մինչ կը սպասեմ ջինջ լույսերուն` որոնք ծագիլ կը համեն.
ու կը լըսեմ շշուկներն` որ կը հծծեն մեջը ցանկին:
Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված,
տարտամորեն, հսկայական, արծիվի մը ձևերով,
մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած:
Արբշիռ բույրեն` զոր կը բերե ինձի առտուն անխըռով,
ես կ’երազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար,
լույս պարիկին` որ իղձերըս պըսակելու պիտի գար:

Երազի օրեր

Misaq-Mecarenc

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:
Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր:
Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն:

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ:

Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին

untitled    Սիրելի Յովհաննէս,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ինչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:
Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի. դաշնամուրի հոգ մի անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն եւէթ բառերը բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով եւ երգերով, մի խօսքով կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները` երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:
Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչեւ ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եւրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչեւ ՙԱնուշը՚ լրացնենք:
Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարեւներս յիշիր:
Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:
Համբոյրներով`
քո Կոմիտաս

ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

ph138616456981   Թիֆլիս — Բաքու, 1900 թ. փետրվարի 19.
Սիրելի Արսեն.
Իսահակյանն ինձ պատմեց, թե դու մտածում ես գլուխ բերել իմ արտասահման գնալու գործը: Պետք է դարձյալ շնորհակալ լինեմ, որ այս տխուր օրերում ինձ երբեմն ծիծաղեցնում եք: Ար-տա՛-սա՛հ-մա՛ն… ցնորքները բանաստեղծներին են վայել, վարդապետ մարդը պետք է գործնական լինի, ինչպես որ եղած է միշտ: Ես չեմ կարողանում այս սահմանում ապրել, դու արտասահման ես ղրկում: Կամ գուցե մոռանում ես, որ Էջմիածնի միաբանությունից մեծ մի ընտանիք կա իմ շալակին: Ոչ, սիրելիս. այդ թող. այդ արդեն ուտոպիա է: Ես ավելի համեստ մի ցնորք ունեմ — գնալ մի երկու տարի մնալ Պետերբուրգ կամ Մոսկվա, բայց ամաչում եմ ասել: Մի մարդ, որ շաբաթներով կոնկով մի տեղ գնալու փող — 5 կոպ. չի ունենում գրպանում, ինչ լրբություն է — մտածի, թե գնալու եմ… Շռայլ բախտ կլիներ ինձ համար, եթե կարողանայի պարտքերս վճարել, այս կամ այն փողոցով անցնելու ազատություն ձեռք բերել կամ պարտք անելու կարիքից ազատվել: Շարունակել կարդալ “ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ”

ՕԼԳԱ ՄԱՃԿԱԼՅԱՆԻՆ

Tumanyan  Դսեղ-Թիֆլիս, 18 9/15 88 ամի, ի Դսեղ
Օլինկա ջան,
Եթե իրավ`հոգին է չափում ժամանակը, ապա տարիք են անցել քեզնից հեռանալու օրից: Այս չընդունես իբրև մի ֆրազ, արտաքին կեղծ ծեսերի թելադրություն, այլ իբրև անկեղծ սրտի ձայն և վկայություն: Ես համոզված եմ նույնը և քո կողմից, որը և պետք է մխիթարանք ներշնչե ինձ: Ինչ վնաս հեռավոր տարածությունը, եթե սրտերը մոտ են միմյանց:
Այսքան ժամանակամիջոցում առաջին նամակս եմ ուղարկում քեզ և հավատացած եմ, որ նամակիս ուշանալը չպետք է ձգեր քեզ անմիտ կասկածանքների տակ: Բանսարկուների չարախոսություններին չպետք է տեղի տայիր քո սրտում, եթե իրավ նույն սիրտը արձագանք է տված իմ խոսքերին: Եթե իբրև բանական ինձ ճանաչել ես քո սեփական խելքով, էլ ինչու՞ պետք է հավատաք ուրիշին:
Ես համոզված եմ, որ դուն կասկած չես տանիլ իմ անազնվության վերա. թող ես խաբված լինեմ, բայց ունենամ իմ սեփական հույսս և համոզմունքս: Նամակիս ուշանալու պատճառը գաղտնիք չէ –հիվանդությունն է, որ դուք ևս գիտեք, փառք աստուծո, և մի քանի հանգամանքներ, որ գալովս կպատմեմ: Օգոստոսի կեսերում հազիվ ելա անկողնուց: Գուցե ասեք` հիվանդ ժամանակս ևս կարելի էր նամակ գրել, բայց կսխալվեք` անկարելին կարելի դարձնելով:
Ես առողջ եմ և գուցե նամակիս հետ գամ:
Բարևում են հայրս, մայրս և մեր ընտանիքն, պարտավորեցրել են նույնպես բարև հիշելու շատ բարեկամներ:

Քո Հովհաննես Թումանյան
<Հ.Գ.>
Օլինկա ջան,
Հայրիկիդ նամակ գրելու ժամանակ անպատճառ ինձնից բարև կգրես: Կբարևես և տատիդ ու նրա քույրերին և այլոց:

Հովհաննես