ՀՈԴՎԱԾՆԵՐ · Ադոնց

Դիցանունների ադոնցյան վերլուծությունը

Հին հայոց աշխարհայացքն ուսումնասիրած Ն. Ադոնցը խորին հետևողականությամբ քննում է հին հայոց դիցարանի մի քանի աստվածների անուններ, որոնց վերլուծությունը մեզ հանգեցրեց այն տեսակետին, որ անվանադրման գործընթացի մեկնաբանումը չպետք է եզրագծել նախնական անվանադիրներով, որոնք անուններ են տվել երևույթներին, ընդ որում խոսքը միայն երևույթների մասին չէ, այլև մարդկանց, քանի որ պատահական չէր Կալիպոս-ի օրինակը` Արիստոտելի կողմից բերված, որից հետո էլ ավանդաբար այդ անունները տրվել են մարդկանց և իրերին: Դիցանունների քննությունը, ինչպես ստորև կտեսնենք, մեկ անգամ ևս հավաստում է ֆյուսեյի տեսության ճշմարիտ լինելը, ըստ այդմ՝ անունները տրվում են իրերին ըստ բնության: Մեր համոզմամբ՝ չպետք է անվանադրման խնդրի քննության հարցում պատնեշ դնել իրերի և անձանց անունների միջև, որովհետև ի սկզբանե անուններ տրվել են իրերին, հետ այդու միայն՝ անձերին, այսպիսով, հասարակ անունները դարձել են հատկանուններ, ուստի կարծում ենք՝ այնքան էլ ճիշտ չէ նման սահմանազատումը:
Continue reading “Դիցանունների ադոնցյան վերլուծությունը”

ՀՈԴՎԱԾՆԵՐ · Հայոց լեզու

Մեսրոպ Մաշտոցի վարքագրությունը և հայոց գրերի գյուտը`նոր լույսի տակ՝ Նիկողայոս Ադոնցի հետազոտությամբ

Ադոնց հայագետի ուշադրությունից չէր կարող վրիպել հայոց լեզվի պատմության այնպիսի կարևորագույն մի խնդիր, ինչպիսին Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծման հանգամանքների բացահայտումն էր: Մաշտոցի, նրա աջակիցների և աշակերտների մասին առկա հայկական աղբյուրները Ադոնցը փորձեց լրացնել օտար աղբյուրների նյութերով` համոզված, որ միայն այս ձևով հնարավոր է վերականգնել հայոց գրերի ստեղծման իրական պատմությունը:

Հայագիտության ջահակիր «Հանդէս ամսօրեայ»-ում 1925 թ. Ադոնցը տպագրում է «Անծանօթ էջեր Մաշթոցի եւ նրա աշակերտների կեանքից ըստ օտար աղբիւրների» հետազոտությունը, որտեղ առաջին անգամ համարձակորեն քննարկում է և՛ հայոց գրերի ստեղծման ժամանակի հարցը, և՛ գրերը ստեղծող սրբացված Մաշտոցի կենսագրության ընդունված տարբերակը, և՛ նրա հանրահայտ կենսագիր Կորյունի մտադրությունների իսկությունը:

Օտար աղբյուրներում վկայված է, որ Մաշտոցը ծանոթ է եղել Նեստորի ուսուցիչ Թեոդորոս Մոպսուեստացու հետ, որին անձամբ խնդրել է  պարսից մոգության դեմ աշխատություն գրել: Այս փաստը հիշատակված է Փոտիոս պատրիարքի հռչակավոր «Գրադարան» աշխատության մեջ: Ադոնցն այս հանգամանքից եզրակացնում է, որ Մաշտոցին աջակցել են ոչ թե ասորի եպիսկոպոսներ Ակակիոսը և Րաբուլասը, ինչպես վկայված է Մաշտոցի կենսագիր Կորյունի երկում, և որոնց գործունեության ժամանակաշրջանների հետ կապված մի շարք հակասություններ կան,  այլ Թ. Մոպսուեստացին, որի հերձվածողական գրվածքները խստորեն դատապարտվել են Եփեսոսի՝ 431 թ. տիեզերական ժողովում:  Կորյունը հասարակ կենսագիր չէր, այլ հոգևոր գործիչ և պետք է զերծ պահեր Մաշտոցին նեստորականության հետ աղերսներից, որոնք արդեն խորշելի էին և անգամ դատապարտելի: Դավանաբանական նկատառումներով՝ հանուն Մաշտոցի սրբացման, Կորյունը խմբագրել է Մաշտոցի ողջ կենսագրությունը:

Ադոնցը հավանական է համարում, որ Մաշտոցը հայոց գրերը հորինած լիներ 4-րդ դարի վերջում Թեոդորոս Մոպսուեստացու գործուն աջակցությամբ:  Թեոդրոս Մոպսուեստացին այդ շրջանի ամենահեղինակավոր և գիտնական եկեղեցական հայրերից մեկն էր, որը հայտնի էր Polyhistor – Բազմավեպ անունով[1]: Այնուհետև Մաշտոցին նորաստեղծ նշանագրերի հնչագրական և գեղագրական պատկերն ամբողջացնելու համար օժանդակել է Կորյունի կողմից ևս հիշատակվող Հռուփանոս, իրականում՝ Ռուփինոս անունով քահանան, որը Մոպսուեստացու աշակերտն էր: Ռուփինոսը  399 թ.  Ասորիքից մեկնել էր Հռոմ և Պելագիոս քահանայի հետ դարձել պելագիական վարդապետության հիմնադիր: Այսինքն, ինչպես իր ուսուցիչը, շեղվել ուղղափառ դավանաբանությունից: Ինչպես գրում է Ադոնցը. «Կորիւնը հասարակ կենսագիր չէ, նա եւ եկեղեցական գործիչ է, եւ իբր այդպիսին պէտք է և իր գրիչը համակերպէր յետ-եփեսոսական տրամադրութեան: Հայոց կապերը Ասորիքի հետ այժմ պիտի խորշելի թուէր»[2]: Իր քննության ավարտին նշանավոր հայագետ և աղբյուրագետ Ադոնցն առավել խիստ բնութագրում է տալիս Կորյունի «Վարք Մաշտոցի» երկին՝  իբրև սկզբնաղբյուրի. «Մաշթոցի կենսագիրը շատ հեռու է բաւարարելու այն պահանջներին, որ կարելի է առաջադրել մի աշակերտի, որ գրում է իր ուսուցչի կեանքը: Կորիւնը, որքան ճոռոմաբան, նոյնքան սակաւգէտ է: Գուցէ եւ աւելի գիտէ, քան յայտնում է մեզ: Խոստումնալից յառաջաբանը, ուր ուզում է նաւել «զհամատարած ալեօքն վարդապետական ծովուն», նման է շքեղ մուտքի, որ տանում է մի խեղճ տնակ: Ուստի եւ վերջաբանութիւնը, ուր յայտարարում է, որ «ոչ եթէ ի հին համբաւուց տեղեկացեալ» մատենագրում է, այլ «որոց մեր իսկ ականատես եղեալ», թողնում է բոլորովին հակառակ տպավորութիւն»[3]:

Համադրելով գրերի գյուտի վերաբերյալ օտար և հայոց աղբյուրները՝ hայագետը փորձում է ճշգրտել հայոց գրերի տարեթիվը: Ըստ Ղազար Փարպեցու՝ Վռամշապուհին թագավոր էր կարգել Շապուհ Գ-ն, որն իշխել է 383/4-388/9 թթ., ուստի, եզրակացնում է Ն. Ադոնցը, Մաշտոցի կողմից գրերի գյուտը կատարվել է 4-րդ դարի վերջում, Վռամ Դ-ի թագավորության օրոք՝ 388/9-399 թթ: Ավելի որոշակի, գրերի գյուտը պետք է կատարված լիներ 383-392 թթ. միջև ընկած տասնամյակում:

Բանավիճային հզոր գրչի ծնունդ այս նշանավոր հոդվածաշարում Ադոնցն աղբյուրագիտական հստակ ապացույցներով վկայում է, որ 420-425 թթ. Մաշտոցի այցը Ամիդ, Եդեսիա, Սամոսատ և Մելիտինե, որևէ կապ չուներ և չէր կարող ունենալ գրերի գյուտի հետ: Մանկուց հելլենական դպրությանը քաջածանոթ Մաշտոցը կրթության կարիք չուներ, իսկ եթե գրերի առթիվ մեկնել է նշված քաղաքներ, մանավանդ` Եդեսիա, ապա դա, թերևս եղել է 420 թ.-ից շատ առաջ` 406 թ., և նրան աջակցողների թվում չեն եղել ո՛չ Ակակիոսը, ո՛չ Բաբիլասը` Ռաբուլասը[4]:

Այս առնչությամբ մեջբերենք Հր. Աճառյանի կասկածները, որոնք հաստատում են Ադոնցի պնդումներն այն մասին, որ բազմաթիվ վճռորոշ հատվածներում Կորյունը  խուսափում է ճշգրտությունից և ընդհանուր դատողություններ կատարում. «Կորյունի պատմածից կարելի չէ հասկանալ, թե այս այցելությունը ճանապարհորդակա՞ն էր, թե՞ ուսումնական. ուրիշ խոսքով՝ արդյոք Եդեսիա երթալու համար քարավանը պարտավո՞ր էր անպատճառ Ամիդ  մտնել և այդ պատճառո՞վ գնաց Մեսրոպն Ամիդ քաղաքը, թե՞ նպատակ ուներ նաև Ամիդում խուզարկություններ կատարել գրերի գյուտի առթիվ»[5]: Ի վերջո, Աճառյանը ենթադրում է, թե այցելությունը միայն ճանապարհորդական էր, որովհետև հակառակ պարագայում Կորյունը, որքան էլ համառոտախոս, գոնե մի քանի բառով պիտի հայտներ, որ Մեսրոպի «խուզարկություններն» ապարդյուն անցան:

Ադոնցը հավելում է. «Հավանական է, որ Մաշթոցի այցը ասորի եպիսկոպոսներին, որի մասին պատմում է Կորիւն, կապ ունի հաւատոյ խնդրի հետ եւ մօտ է 430 թուականին: Աչքի է ընկնում մի հանգամանք: Եդեսիայից Մաշթոց իջնում է Սամօսատ, յորում մեծապատիւ իսկ յեպիսկոպոսէն եւ յեկեղեցւոյն «մեծարեալ լինէր»: Զարմանալի է, որ եպիսկոպսի անունը չի տալիս, մինչդեռ յիշում է Ամիդի, Եդեսիայի եւ Մելիտինի եպիսկոպոսներին յանուանէ»[6]:

Հույն և լատին աղբյուրները որոշակիորեն լույս են սփռում այս պատմության վրա: Հույն եկեղեցու պարծանք Փոտ պատրիարքը հիշում է Թեոդորոս Մոպսուեստացու կամ Մամուեստացու գործերից մեկը, որ գրված է եղել մի հայ քորեպիսկոպոսի համար, վերջինիս անունը հնչում է Mastoubios: Ն. Ադոնցը չի վարանում նրան և Մաշտոցին համարել նույն անձը, հետևաբար Μαστούβιος ուղղելի է Μαστούζιος կամ Μαστούτζιος:

«Եթէ Մաշթօց Ամիդում ներկայացել է Ակակին եւ Եդեսիայում՝ Ռաբուլին, այդ կարող էր լինել 420-ից ոչ յառաջ եւ ոչ ուշ քան 435: Եւ եթէ իրաւ այդ ճանապարհորդութեան հետ է կապուած տառերի գիւտը, ակներեւ է, որ նա չէր կարող տեղի ունենալ Յազկերտի ութերորդ տարին-ժամանակական անհեթեթութիւն»[7]:

Ադոնցը գրում է, որ օտար աղբյուրներից հայտնի է, թե Ակակիոսը Ամիդի եպիսկոպոսն էր մոտավորապես 419-420 թթ.-ից սկսած, իսկ Բաբիլասի մասի նշվում է, որ վերջինս ոչ այլ ոք է, քան Եդեսիայի հռչակավոր Ռաբուլ(աս) եպիսկոպոսը, հետևաբար  Բաբիլաս-ը Ռաբիլաս-ն է, որը եպիսկոպոս էր 421-435 թթ.:

Ադոնցը գրում է. «Արդ ով, եթէ ոչ Ռաբուլ եւ Ակակ, պէտք է գիտենային, որ Թէոդորը գրագրութիւն է ունեցել հայ լուսաւորութեան հօր հռչակաւոր Մաշթոցի հետ: Թէոդորը մեռած է 428-ին եւ եպիսկոպոս էր 392 թուից, նա ժամանակակից է բառի բուն մտքով Մաշթոցին»[8]: Հետաքրքրական է նաև այն, որ Թէոդորի աշակերտը Ռուփին անունով մի քահանա էր: Ադոնցի համոզմամբ` նա այլ մարդ չէ, քան Հռոփանոսը` գրերի գյուտի պատմությունից մեզ հայտնի: Նա գրում է. «Եթէ Թէոդորի աշակերտը իբրեւ սոսկ գրիչ մասնակցում է գիւտին, հարկաւ, նրա ուսուցիչն աւելի շօշափելի նպաստ պիտի բերած լինէր նոյն խնդրին»[9]:

Հր. Աճառյանը նույնպես անդրադառնում է խնդրահարույց այս hարցին՝ արդյո՞ք Մաշտոցը բարեկամական կապ է ունեցել Թեոդորոս երեցի հետ. «Անտիոքում այն ժամանակ հայտնի էր Թեոդորոս երեցը, որ ձեռնադրվել էր 383 թվականին և մինչև 392 թվականը գործեց նույն քաղաքում: Նույն քաղաքում կար նաև Լիբանիոսը, սոփեստ և ճարտասան, որի հռչակը Անտիոք էր քաշում զանազան աշակերտների, հատկապես Փոքր-Ասիայից… Ի նկատի ունենալով այս հանգամանքները, նաև այն, որ Թեոդորոս Անտիոքացին իր մեկ գիրքը նվիրել է Մեսրոպին կամ գրել է նրա խնդիրքով, պետք է հետևցնել, թե Մեսրոպը մի ժամանակ բարեկամական հարաբերության մեջ ապրել է Թեոդորոս երեցի հետ»[10]: Աճառյանը նկատում է նաև, որ արդի կենսագիրներն ու պատմիչներն են միայն վկայում, որ Մաշտոցն աշակերտել է Մեծն Ներսես կաթողիկոսին, որի մասին չեն վկայում մեր մատենագիրների մեծ մասը, այդ թվում՝ Կորյունը, Փարպեցին, Կարապետ Սասնեցին և այլք: Այս տեղեկությունն առաջին անգամ տալիս է Խորենացին:

Ադոնցի գնահատմամբ` 5-րդ դարի երկրորդ կեսի դավանաբանական պայքարի իրական պատկերը, թվում է, դժբախտաբար անհետ կորել է, խեղաթյուրվել: Պետական իշխանության ճնշմանը հակառակ` նեստորականությունը, թերևս, հաջող օրեր ունեցել է: Օտար աղբյուրների պնդմամբ` ասորի եկեղեցականները հավատացնում էին, որ նեստորականները լուրեր են տարածում, թե հայերը իրենց հավատակից են [11]:

Ըստ Ադոնցի՝ այս խոսքերը քարոզչական նպատակով չափազանցված են և սրանց հավատ ընծայել չի կարելի, բայց և չի կարելի ժխտել, որ ճշմարտությաննշույլ կա այն մտքով, որ մասնակի կղզիներ են եղել: «Յիրաւի, ոչ միայն 424 թուի, այլ եւ 486 թուի նեստորական ժողովներին ներկայ եկեղեցականների թւում պատահում են ներկայացուցիչներ եւ Հայաստանից. առաջնում՝ ոմն Արտաշահր եպիսկոպոս, երկրորդում՝ Մովսէս եպիսկոպոս (Synodicon orientale)»[12]

Ն. Ադոնցի վերհանած փաստերը, ինչպես նաև այլ հայագետների մեկնաբանությունները համադրելով՝ Հ. Մանանդյանը ավելի ուշ զարգացնում է իր տեսությունը, ըստ որի՝ գրերի գյուտը կատարվել է 390-392 թթ.: Ըստ նրա` թեպետ Կորյունի բուն երկում, ինչպես նաև վերջաբանի վերականգնված տարբերակում հայ գրերի գյուտի ժամանակը նշվում է Վռամշապուհ արքայի հինգերորդ կամ վեցերորդ տարին, այդ թվականը պետք  է լիներ Վռամշապուհի հինգերորդ տարվա վերջում` 391-392 թթ.: Բացի դրանից, Հ. Մանանդյանի համոզմաբ, Կորյունի վերականգնված վերջաբանում հայոց դպրության սկիզբը նշվում է Վռամ Դ Կրմանի չորրորդ տարում, այսինքն` դարձյալ 391-392 թթ.: Իսկ ամենաուշագրավը, նրա հաղորդմամբ, այն է, որ, անկախ Կորյունի վկայություններից, Պետական ձեռագրատան № 1495, 8575 և 6644 ձեռագրերի ժամանակագրական բնագրերը նույնպես հայ գրերի գյուտը դնում են 391-392 թթ.: Իբրև ամփոփում` Հ. Մանանդյանը գրում է. «Հայոց դպրության սկիզբը դրվելու է ոչ թե հինգերորդ դարում, ինչպես մինչև այժմ ենթադրվել է գրեթե բոլոր հայագիտական երկերում, այլ չորրորդ դարի վերջերում, այն է` 391-2 թվականին»[13]:

Ն. Ադոնցը ոչ միայն վերանայման է ենթարկել Մաշտոցի կենսագրությունը և գրերի գյուտի հնարավոր ժամանակաշրջանը, այլև փորձել է ստուգաբանել Մաշտոց անունը, որն այն ժամանակ տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել:

«Հանդէս Ամսօրեայ»-ում Գ. Ֆնտգլյանը, ըստ Ադոնցի, Մաշթոց անունը համեմատել է Մազդակ-ի հետ, որովհետև mazd-ը փոխվում է mašt-ի, ինչպես՝ yazd-ը՝ yašt-ի: Այս համեմատությունը և դրանից ծագող ընդհանրությունը Ադոնցը սխալ է համարում: Ըստ նրա՝ պարսկերեն yazd-ը երբեք չի կարող փոխվել yašt-ի: Առաջինը ծագում է yazatu ձևից, որը ապառնի կրավորական դերբայ է, իսկ yašt-ն առաջացել է անցյալ կրավորական դերբայ yaz-ից: Ադոնցի համոզմամբ, թեև դրանք արմատակից են, սակայն «հնչական փոխանցման կապ չկա դրանց միջև»:

Ըստ գիտնականի՝ այլ ծագում ունի mazd-ը՝ mazd<mand-dha, առաջինը՝ mand, նույնն է, ինչ հուն. μαθ-ειν, սլավ. муд-р, երկրորդը dha-«դնել» արմատն է: D-ն փոխվում է z-ի հաջորդող dh-ից առաջ, և այս փոփոխությունն այլ կարգի է, քան յազդ և յաշտ, ուստի mazd-ը mašt-ի չի կարող փոխարկվել:

Ադոնցը Մաշտոց անվան ելակետը համարում է Մաժդ-ոց ընթերցումը, որ հիշեցնում է անմիջապես Մազդ— արմատը: Նա գրում է. «Իրանական գետնի վերա Մազդ չէ կարող տալ Մաժդ, որովհետև պակասում են հարկավոր պայմանները, օրինակ՝ I կամ r հնչյունը նախընթաց վանկում, որպիսի գրությամբ z փոխվում է ž»[14]:

Ադոնցի մեկնաբանությամբ՝ դա, թերևս, առաջացել է հայերեն —ոց մասնիկի –ց-ի ազդեցությամբ: Նա չի բացառում, որ Մաշտոց և Մաշթոց ձևերի սովորական և հին գրությունից առաջացած լինեն Մաշդոց և Մաժդոց ձևերը՝ արևմտյան բարբառներին բնորոշ արտասանության ազդեցությամբ:

Փաստենք, որ Գ. Ֆնտգլյանը Մեսրոպ անունը Խորենացու «հերյուրանքն» է համարում` նշելով, թե պատմահայրը հմուտ էր անուններ «հերյուրելու» հարցում, և Մեսրոպ անունն էլ ստեղծել է՝ նրան համեմատելով Սերովբի հետ ու ստեղծելով Մար-Սերովբ, որից էլ՝ Մեսրովբ ձևը:

Ադոնցը, իրավացիրեն, մեղք է համարում պատմահոր ուսերին այդպիսի մեղադրանքի բարդումը, և հետևյալ ստուգաբանությունն է առաջադրում՝ «Մեսրոբ Mesrob հաղորդ է իրանական մեծ աստվածության անվան, որ է՝ Միտր: Նա բաղկացած է երկու տարրից՝ *Meh-srob, ուր առաջին մասը՝ *Meh ձևափոխումն է Միտր-ի: Հայտնի է, որ հին Mitra տալիս է Midra, Mihr, Meh, Mer, Mel-, որտեղից և հայերենում Միհր, Մեհ (մեհյան), Մեր (Մերշապուհ), Մհեր, Մլեհ (<պրս. Milād հին Mihrdat-ից), Μελίας…»[15]: Երկրորդ՝ —սրոբ տարրը, ըստ Ադոնցի, նույնն է, ինչ տեսնում ենք Խոսրով անվան մեջ, իսկ srāυα-ն պահպանված է հայերեն փոխառյալ դ-սրով բառում, համապատասխանում է հունարեն κλέος, սլավ. слово բառերին և նշանակում է իսկապես խոսք, գովք (հմմտ. ռուս. слово՝ խոսք և слава՝ փառք): Ըստ այսմ՝ Մեսրոբ<Meh-srōb նշանակում է «Միհր գովող, փառաբանող» կամ «գովեալ ի Միհրէն»: Հունական և սլավոնական հատուկ անունների մեջ ևս, ըստ գիտնականի, ընդունված է այս բառը, ինչպես՝ Ξεμιστο- κλής, Vladislaυ, որտեղ κλής < *Kleues, և slaυ հավասար են –srob, -սրոբին:

Կարծում ենք, դեռևս անհնար է միանշանակ որոշել Մեսրոպ Մաշտոցի անվան ծագումը, քանի որ Մաշտ(թ)ոցը Մազդերի հետ կապելու՝ Ֆնտգլյանի փորձն այնքան էլ հիմնազուրկ չէ, թեև yazd-ը և yašt-ը դերբայական տարբեր ձևեր են, սակայն նրանց միջև իմաստային մեծ պատնեշ չկա, բացի դրանից՝ չի բացառվում, ավելին՝ շատ հավանական է š>z հնչյունական անցումը: Միաժամանակ առավել համոզիչ ու հայեցի ենք համարում արևմտյան արտասանության ազդեցությամբ Մաշդոց և Մաժդոց  տարբերակների առաջացման ադոնցյան տեսակետը:

Ինչ վերաբերում է –ոց-ի ծագմանը, ապա հակված ենք այն դիտելու որպես հայկական –ոց վերջածանց, որը հիմնականում հանդիպում էր տեղանուններում և պատկանելություն էր արտահայտում՝ ծագելով ո հոլովման հոգնակի սեռականի ձևույթից, օրինակ՝ Հայոց, Վայոց, Տայոց և այլն: Կարծում ենք՝ տեղանվանակերտ այդ ածանցը համաբանությամբ անցել է նաև մի քանի անձնանունների, այդ թվում՝ Մաշտոց-ին:

Մեսրոպ անվան համար Ադոնցի ենթադրած նախնական Մեհսրոպ տարբերակի գոյությունը և նրա առնչությունը Միհրի հետ մեզ մասամբ թեական է թվում, բայց և միաժամանակ՝ բավական համոզիչ:

Մաշտոցի վարքագրության հետ կապված՝ ուշագրավ են Կորյունի անձի և անվան վերաբերյալ Ադոնցի վերականգնումերը: Լատին մատենագիր Լիբերատուսը հիշատակում է երկու հայի գործուղումը Կ. Պոլիս՝ Պրոկղ պատրիարքի մոտ, որոնց անուններն են` Ղևոնդեոս և Aberium: Ադոնցի կարծիքով՝ Լիբերատուսի հիշատակած դեսպանությունը նույնն է, ինչ հիշատակում է Կորյունը, և այդ դեսպանությանը նա մասնակցել է անձամբ: Ոչ միայն ժամանակը, այլև Ղևոնդի անունը երաշխավորում են այս վարկածի հավանականությունը: Մնում է մեկնել Կորյուն և Aberium անունների հարաբերությունը: Աղբյուրները, որոնցից օգտվել է Լիբերատուսը, գրված են եղել հունարեն: «Արդ Կորիւն գրուած καυριον նախընթաց  και շաղկապի ազդեցությամբ λεοντιον και κ]αυριον կարող էր դիպուածով կորցնել սկզբի հնչյունը, dittographie թուերով գրչին: Հնագրության տեսակէտից անհնար չէ նաեւ սկզբի ko- կամ kau-ի իբր αυε- թիւր ընթերցումը: Լատինն ուրեմն, կադացել է abe փոխանակ ave< kau-»[16]:

Ամփոփելով՝ նշենք՝

  • Ն. Ադոնցի կողմից գրերի գյուտի պատմության քննության մեկնակետն արդարացված է հայ և օտար աղբյուրների ընձեռած նյութերի հակասական տվյալների զուգադրահամեմատական քննության հանգամանքով:
  • Հայկական աղբյուրներն առեղծվածային լռություն են պահպանում այստեղ բարձրացված հարցերի վերաբերյալ, և Ադոնցն առաջինն է, որ համարձակորեն վեր է հանում Մաշտոցի անձի և գործունեության վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ՝ հատկապես Թ. Մոպսուեստացու հետ նրա բարեկամական կապերին առնչվող, որոնք վարպետորեն սքողել են նրա կենսագիր Կորյունը և հաջորդ հայ մատենագիրները:
  • Ն. Ադոնցի եզրահանգումը, թե գրերի գյուտը պետք է կատարված լինի 383-392 թթ. միջև ընկած տասնամյակում, իրոք համոզիչ է, եթե նկատի ունենանք Վռամշապուհ արքայի՝ Շապուհ Գ-ի կողմից 4-րդ դարավերջում թագավոր կարգվելու փաստը:
  • Իր ուսուցչի անձի մասին Կորյունի բերած սուղ տեղեկատվությունը հետևանք է Մ. Մաշտոցի հոգևոր գործունեության «մութ» էջերի, նեստորականների հետ նրա ունեցած սերտ առնչությունների, որոնք այն ժամանակվա պաշտոնական եկեղեցու տեսանկյունից վարկաբեկիչ էին, հենց դրանք էլ փորձում է լուսաբանել Ադոնցը` գրեթե անվարան նշելով, որ Մաշտոցի այցը Ամիդ և Եդեսիա հոգևոր-կրոնական նպատակ էր հետապնդում և որևէ առնչություն չուներ գրերի հետ:
  • Կորյունը միայն հասարակ կենսագիր չէր, այլև ուղղադավան եկեղեցական գործիչ, հետևաբար, ըստ Ադոնցի, պիտի թաքցներ իր ուսուցչի հոգևոր կյանքի նման էջերը:
  • Կորյունի երկի մասին Ադոնցի բացասական կարծիքը անվերապահ կտրուկ և փոքր-ինչ անսովոր է այն առումով, որ Կորյունի վարքագրությանը մեզանում թերևս առաջին անգամ է այդքան խիստ գնահատական տրվել՝ «Կորիւնը, որքան ճոռոմաբան, նոյնքան սակաւգէտ է: Գուցէ եւ աւելի գիտէ, քան յայտնում է մեզ: Խոստումնալից յառաջաբանը, ուր ուզում է նաւել «զհամատարած ալեօքն վարդապետական ծովուն», նման է շքեղ մուտքի, որ տանում է մի խեղճ տնակ…»[17]:
  • Հատկանվանագիտական և ազգագրական մեծ արժեք ունեն Մեսրոպ Մաշտոցի անվան վերաբերյալ Ադոնցի նկատառումները, որոնց համաձայն՝ Մեսրոբ<Meh-srōb նշանակում է «Միհր գովող, փառաբանող» կամ «գովեալ ի Միհրէն», իսկ Մաշտոց անվան ելակետը Մաժդ-ոց ընթերցումն է համարում:

Вануи Багманян

Биография Месропа Маштоца и изобретение алфавита исследованным Николаем Адонцом

Ключевые слова: Н. Адонц, Месроп Маштоц, Корюн, Феодор Мопсуестийский, Несторианство, изобретение алфавита, бография, иностранные источники, биография

Цель данной статьи о личности Месропа Маштоца, о личности арменоведа Н. Адонца, об изобретении армянского алфавита с новой точки зрения, основываясь на иностранных источниках. Ученый впервые смело говорил о связах с Несторянством и о путешествии в Диярбакыр  и в Эдессию, но не в целях изобретении алфавита. С другой стороны есть черезвычайно важные набюдения об ученике Маштоца-о Корюне, написавший его биографию.
Н. Адонц первый, кто строго критикует произведение Корюна, считав информацию недостаточным и скрывающим темные стороны деятельности учителья.

 

Vanuhi Baghmanyan

Mesrop Mashtots’s Hagiography and the Invention of the Armenian Alphabet in Reference with Nokoghayos Adonts’s research

Key words: N. Adonts, Mesrop Mashtots, Koryun, Tedor Mopsuest, nestorianism, Armenian alphabet, hagiography, foreign sources, etymology.

The purpose of this article is to dig out N. Adonts’s novel approach about Mesrop Mashtits’s real personality, activities and the Amenian alphabet based on the information provided by foreign sources. Here it is the first time that the scholar speaks out about Mesrop Mashtots having close concern with nestorianism and his visits to Amid and Edessa which have nothing to do with the invention of the alphabet. On the other hand interesting observations are indicated about Meshrop Mashtots’s apprentice and his bibliographer Koryun. Here Adonts is again the first who criticizes Koryun’s work for the information being very inaccurate and it does not speak about the hidden side of his teacher’s activities.

 

[1] Տե՛ս Ն. Ադոնց, «Անծանօթ էջեր Մաշթոցի եւ նրա աշակերտների կեանքից ըստ օտար աղբիւրների», Հանդէս ամսօրեայ, թիւ 7-8, 1925,  էջ 440-441:

[2]  Նույն տեղը,  էջ 439:

[3] Նույն տեղը,  էջ 328:

[4] Նույն տեղը, էջ 535:

[5] Հր. Աճառյան,  Հայոց գրերը, Եր., 1968, էջ 130-131:

[6] Ն. Ադոնց, նշվ. աշխ., էջ 536:

[7] Ն. Ադոնց, նշվ. աշխ., էջ 436:

[8] Ն. Ադոնց, նշվ. աշխ., էջ 440:

[9] Նույն տեղում, էջ 441:

[10] Հր. Աճառյան,  նշվ. աշխ., էջ 76:

[11] Հմմտ. նույն տեղում, էջ 538:

[12] Նույն տեղում, էջ 538:

[13] Հ. Մանանդյան, Երկեր, Բ, Եր., 1978, էջ 305:

[14] Ն. Ադոնց, Երկեր, Բ, Կորյունի մասին, Եր., 2006, էջ 54:

[15] Նույն տեղում, էջ 57:

[16] Ն. Ադոնց, «Անծանօթ էջեր Մաշթոցի եւ նրա աշակերտների կեանքից ըստ օտար աղբիւրների», Հանդէս ամսօրեայ, էջ 438:

[17] Ն. Ադոնց, նշվ. աշխ., էջ 328:

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՖԼԵՇՄՈԲ

Հայոց լեզվի ֆլեշմոբի խրախուսվող մասնակիցներ

Մինչև 3-րդ դասարան՝

  1. Լիլիթ Արևշատյան, Նոր դպրոց, 3-1 դասարան
    2. Արտյոմ Կակոյան, Նոր դպրոց, 3-3 դասարան
    3. Մարկ Հովհաննիսյան, Հիմնական դպրոց, 3-րդ դասարան
    4. Տաթևիկ Գրիգորյան, ԴԿԴ, 3-րդ դասարան
    5. Նարեկ Պողոսյան, Դպրոց-պարտեզ, 2-2 դասարան:

4-5-րդ դասարաններ՝

  1. Գոհար Արղության, Նոր դպրոց, 5-1 դասարան
    7. Սաթինե Տեր-Պետրոսյան Դպրոց-պարտեզ, 4-3 դասարան
    8. Կարինե Գոմցյան, Նոր դպրոց, 4-1 դասարան
    9. Արևիկ Արզումանյան, Հիմնական դպրոց, 4-րդ դասարան
    10. Աբգարյան Հրաչյա, Գեղարվեստի դպրոց
    11. Միլենա Պողոսյան, Նոր դպրոց, 3-3 դասարան
    12. Վահե Գրիգորյան, Դպրոց-պարտեզ, 5-1 դասարան:

6-8- րդ դասարաններ՝

  1. Միքայել Կամենդատյան, Միջին դպրոց, 8-1 դասարան
    14. Արփի Սահակյան, Միջին դպրոց, 8-2 դասարան
    15. Նարեկ Ավանեսյան, Միջին դպրոց, 6-3 դասարան
    16. Մանե Գրիգորյան, Դիլիջանի Կենտրոնական դպրոց, 7-րդ դասարան:

9-12-րդ դասարաններ՝

  1. Սիրանուշ Ասատրյան, Ավագ դպրոց-վարժարան, 9-1 դասարան
    18. Արմինե Կարապետյան, Անանիա Շիրակացու անվ. ճեմարան, 10-րդ դասարան
    19. Տաթևիկ Մարտիրոսյան, Այբ (Երևան), 12-րդ դասարան
    20. Արմինե Գրիգորյան, Գյումրու թիվ 1 Ավագ դպրոց:

 

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՖԼԵՇՄՈԲ

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՖԼԵՇՄՈԲԻ ՃԱՄԲԱՐ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը oգոստոսի 15-18-ին կազմակերպում է հայերենագիտական ամառային քառօրյա ճամբար<ul>

<li>2 օր Երևանում կրթահամալիրում (15-16.08),

  • 2 օր՝ Սևանի «Ժայռ» գոտում (17-18.08):

Ճամբարի մասնակիցները

  • 2015-2016 ուսումնական տարում հայերենի ֆլեշմոբներին ակտիվ-արդյունավետ մասնակցության համար խրախուսվողները ճամբարի ուղեգիրը կստանան իբրև մրցանակ.
  • հայերենով, ամառային ուսումնական միասնական աշխատանքով հետաքրքրվող սովորողները ֆլեշմոբի ճամբարին կարող են մասնակցել՝ ձեռք բերելով ուղեգիրը։

Ուղեգրի արժեքը

  • երևանյան երկու օրվա համար (ժամը՝ 10:00-15:00-ի համար) Երևանից հաճախողները վճարում են 4000 դրամ (օրը՝ 2000), մարզերից և Արցախից հաճախողները՝ 6000 դրամ (օրը՝ 3000): Երևանում բնակվողների համար ճամբարի արժեքը ներառում է հայերենի պարապմունքներ, լեզվաբանական հետաքրքիր քննարկումներ, մեկանգամյա սնունդ, լող, հեծանիվ, մարզերից և Արցախից եկողների համար` նաև ընթրիք և կացարան, երեկոյան զբոսանք Երևանում:
    Ճամբարային պարապմունքները կներառեն նաև երաժշտություն, պար, ինտելեկտուալ խաղեր:
    Մասնակիցները, ըստ ցանկության, կարող են պատրաստել զեկուցումներ հայոց լեզվի վերաբերյալ:
  • Սևանի երկու օրվա համար՝ 5000 դրամ (սննդի, տրանսպորտի ծախսեր)։
    Ճամբարի մասնակիցը կստանա հավաստագիր։

Մանրամասն տեղեկությունների համար մինչև հուլիսի 20-ը կարող եք զանգել, գրել մեզ։  Ճամբարի ուղեգիրը ստանալու կամ ձեռք բերելու համար խնդրում ենք լրացնել հայտը։

Ճամբարի ղեկավար` Վանուհի Բաղմանյան,  096 066 524, vanuhi@mskh.am:

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։ Հասցեն Րաֆֆի 57։ Տեղեկատու հեռ.  +374 747246։ Էլ. փոստ` info@mskh.am։
Կրթահամալիրի հաշվի համարը Հայէկոնոմբանկ, «Մետաքս» մասնաճյուղ, հ/հ 163218137665։

3-1 դասարան

Ամառային արձակուրդի առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ար-ան, մր-իկ, հար-ել, ճանապար-, գույն-գույն, աշխար-ահ-չակ, հանդիպակա-, հար-նել, վեր-նել, հար-ակում, վա-ճանվել, մա-իս, հա-թանակ, -ր-րոց, փա-չել, բա-կոն, մ-ուս, գնա-ք, խո-կոր, լու-կի, վր-ին, կար-ին, կարա-, արվար-ան, պ-տոր, ըն-հատել, ըն-ամենը, ըն-րիք, եղ-այր, մարդի-, կո-ֆետ, ս-տոր, անձե-ոցիկ, հար-ել, սր-ել, աչ-, մե-ք, հարա-, աս-ալտ, աղա-ին, աս-ալտ, քաղ-ր:
  2. Խմբավորի՛ր տրված բառերը՝ նշելով՝ ինչ սկզբունքով ես դա արել՝
    Վազել, պայծառ, ծիծաղել, սեղան, հինգ հազար ութսունհինգ, վերցնել, խնդրել, ամենօրյա, բազկաթոռ, համակարգիչ, չորրորդ, ջրամբար, բարձրաձայն:
  3. Վանկատի՛ր տրված բառերը՝ սեղան, վարագույր, հիմնվել, գրատախտակ, ամսագիր, գիրք, գրպան, անկյուն, երես, դեմք, եղրևանի, Երևան, սերկևիլ, աղբաման, վերնաշապիկ, ծաղկանոց, համակարգիչ, մրջյուն, մրջնանոց, պատուհան, ջրաղաց, կշեռք, երևակայել, հեքիաթ:
  4. Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվը՝  մրջյուն, արջ, տուն, ձեռք, ոտք, միրգ, դուռ, լողավազան, մուկ, ուղտ, ձուկ, վագր, լուսամուտ, խաղալիք, տիկնիկ, գրիչ, հեռախոս, տետր, գիրք, աշակերտ, ուսուցիչ, թև, դասարան, առյուծ, աղբարկղ, հեռուստացույց, նստացույց, ժամացույց, հայացք, մարդ, կին:
    5. Ի՞նչ բաղադրիչներից են կազմված տրված բառերը. առանձնացրո՛ւ արմատներն ու ածանցները՝ մայրաքաղաք, երկնային, գրապահարան, մրջնանոց, քաղաքացիական, անձնագիր, ողբերգություն, համակարգչային, նոթատետր, հեռախոսազանգ, մարմնամարզություն:
    6. Ըստ կազմության՝ խմբավորիր տրված բառերը՝ գրադարան, ամառային, վերգետնյա, հուշանվեր, ակնոց, կարիճ, արկղ, տարեկան, ամսական, ձեռագիր, հնչյունաբանական, մայրաքաղաքային, ձկնորս, վախկոտ, ժողով, տնային, ամառանոց, անվաչմուշկ, դահուկավազք, բարձր, կառապան, որսորդ, պատուհան:

7. Գրի՛ր 10-ական միավանկ, երկվանկ, եռավանկ բառեր:

8. Գրի՛ր 5-ական պարզ, պարզ ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր բառեր:
9. Տրված տեքստից խմբավորված  դո՛ւրս գրիր գոյականները, ածականները, բայերը՝
Հենզելն ու Գրետելը
Մի մեծ անտառի բերանում ապրում էին մի աղքատ փայտահատ ու իր կինը։ Երկու երեխա ունեին, տղի անունը Հենզել էր, աղջկանը՝ Գրետել։
Առանց էն էլ պակասության մեջ են լինում, թանկությունն էլ որ ընկնում է էն կողմերում, իրենց օրվա հացն էլ չեն կարողանում ճարեն։ Մի օր էլ տեղումը պառկած, փայտահատը դես է մտածում, դեն է մտածում, դարդից մի կողքից մյուս կողքի վրա է շուռումուռ գալիս, վերջը կնոջն ասում է.
— Էս ի՜նչպես պետք է անենք, ա՛յ կնիկ, իսկի բան չունենք, ինչո՞վ պիտի պահենք էս երեխաներին։
— Գիտես, ա՛յ մարդ,— պատասխանում է կինը,— արի առավոտը ծեգին երեխաներին տանենք անտառի խորքը, կրակ անենք, մի-մի կտոր հաց տանք ձեռներն ու էնտեղ թողնենք, մենք ետ գանք մեր գործին։ Ճամփեն չեն գտնիլ, որ ետ գան տուն, ու մենք էլ կազատվենք։

10. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝
Ա-բողջ, աշխար-, ա-պայման, ո-կույզ, քա-ցր, գրատա-տակ, ու-տ (կենդանի), աղ-ան, մր-ել, հար-ակվել, հար-նել, ար-ան, Աման-ր, -րական, ն-րամուտ, եր-որդ, ու-տ (երդում), կ-ծել, ար-, ընձու-տ, -ր-րոց, -ր-ր, բար-, ար-նանալ, զար-նել, միտ-, կարա-, մարդի-, ար-են, բնու-յուն, գրում   -մ, գրում  -ի, վազում  -ք, հա-թել, խ-կել, սա-սու-, առա-ոտ, առա-ո-յան, ա-բ, ա-տ (հիվանդություն), ծա-կանոց, երա-շտու-յուն:

11. «Ինքնակրթություն» բառից դո՛ւրս բեր հնարավորինս շատ բառեր՝ տառերի հերթականությունը նաև խախտելով՝ յուրաքանչյուր բառի կողքին նշելով՝ ինչ խոսքի մաս է՝ գոյական, ածական, բայ, կապ և այլն: Օր.՝ կաթ-գոյական:

12. Տրված գոյականներից կազմի՛ր ածականներ՝ ապակի, փայտ, ծաղիկ, գույն, գիշեր, դաշտ, շղթա, ծուխ, մուր, համ, ստվեր:
13. Տրված ածանցավոր և բարդ բառերից ստացի՛ր կազմությամբ պարզ բառեր՝ լեռնային, լուսամուտ, չմշկավազք, շնագայլ, հովտային, դպրոցական, լուսեղ, թռչնորս:

14. Գրի՛ր շարադրություն «Թռչող կոնֆետները» վերնագրով:

15. Կարդա՛ որևէ հեքիաթ և գրի՛ր փոխադրություն (վերաշարադրիր՝ առանց բնագրից օգտվելու):

 

Սուսան Մարկոսյան, Գործնական քերականություն

16. Տրված զույգ նախադասություններն իրար միացրու եւ, ու, կամ շաղկապներից մեկով և բացատրի՛ր, թե երկրորդ նախադասության մեջ ընդգծված բառը ո՞ր դեպքում է դուրս գալիս:
Աղվեսը մի թուղթ գտավ: Աղվեսն այդ թուղթը տարավ գայլին:
Թագավորը ժլատ ու աչքածակ մարդ էր: Թագավորը հրամայեց, որ կարասը իրեն տան:
Կղզին լճի հարավ-արևելքում էր: Կղզին լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:
Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին: Կապիկն անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:
Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները: Մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:

17. Կետերը փոխարինի՛ր ներքևում տրված համապատասխան բառերով:
… արծիվն ու … աղվեսը … էին ապրում:
… գյուղացին … բռնեց … թզուկին:
… մարդիկ … նահանջում են … գործից:

Հզոր, խելացի, մեղավոր, կիրթ, հաշտ, պատահաբար, գիտակցաբար, ամոթալի, ագահ։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ