Հովհ. Թումանյանի նամականուց

Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին

untitled    Սիրելի Յովհաննէս,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ինչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:
Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի. դաշնամուրի հոգ մի անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն եւէթ բառերը բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով եւ երգերով, մի խօսքով կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները` երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:
Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչեւ ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եւրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչեւ ՙԱնուշը՚ լրացնենք:
Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարեւներս յիշիր:
Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:
Համբոյրներով`
քո Կոմիտաս

Հովհ. Թումանյանի նամականուց

ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

ph138616456981   Թիֆլիս — Բաքու, 1900 թ. փետրվարի 19.
Սիրելի Արսեն.
Իսահակյանն ինձ պատմեց, թե դու մտածում ես գլուխ բերել իմ արտասահման գնալու գործը: Պետք է դարձյալ շնորհակալ լինեմ, որ այս տխուր օրերում ինձ երբեմն ծիծաղեցնում եք: Ար-տա՛-սա՛հ-մա՛ն… ցնորքները բանաստեղծներին են վայել, վարդապետ մարդը պետք է գործնական լինի, ինչպես որ եղած է միշտ: Ես չեմ կարողանում այս սահմանում ապրել, դու արտասահման ես ղրկում: Կամ գուցե մոռանում ես, որ Էջմիածնի միաբանությունից մեծ մի ընտանիք կա իմ շալակին: Ոչ, սիրելիս. այդ թող. այդ արդեն ուտոպիա է: Ես ավելի համեստ մի ցնորք ունեմ — գնալ մի երկու տարի մնալ Պետերբուրգ կամ Մոսկվա, բայց ամաչում եմ ասել: Մի մարդ, որ շաբաթներով կոնկով մի տեղ գնալու փող — 5 կոպ. չի ունենում գրպանում, ինչ լրբություն է — մտածի, թե գնալու եմ… Շռայլ բախտ կլիներ ինձ համար, եթե կարողանայի պարտքերս վճարել, այս կամ այն փողոցով անցնելու ազատություն ձեռք բերել կամ պարտք անելու կարիքից ազատվել: Continue reading “ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ”

Հովհ. Թումանյանի նամականուց

ՕԼԳԱ ՄԱՃԿԱԼՅԱՆԻՆ

Tumanyan  Դսեղ-Թիֆլիս, 18 9/15 88 ամի, ի Դսեղ
Օլինկա ջան,
Եթե իրավ`հոգին է չափում ժամանակը, ապա տարիք են անցել քեզնից հեռանալու օրից: Այս չընդունես իբրև մի ֆրազ, արտաքին կեղծ ծեսերի թելադրություն, այլ իբրև անկեղծ սրտի ձայն և վկայություն: Ես համոզված եմ նույնը և քո կողմից, որը և պետք է մխիթարանք ներշնչե ինձ: Ինչ վնաս հեռավոր տարածությունը, եթե սրտերը մոտ են միմյանց:
Այսքան ժամանակամիջոցում առաջին նամակս եմ ուղարկում քեզ և հավատացած եմ, որ նամակիս ուշանալը չպետք է ձգեր քեզ անմիտ կասկածանքների տակ: Բանսարկուների չարախոսություններին չպետք է տեղի տայիր քո սրտում, եթե իրավ նույն սիրտը արձագանք է տված իմ խոսքերին: Եթե իբրև բանական ինձ ճանաչել ես քո սեփական խելքով, էլ ինչու՞ պետք է հավատաք ուրիշին:
Ես համոզված եմ, որ դուն կասկած չես տանիլ իմ անազնվության վերա. թող ես խաբված լինեմ, բայց ունենամ իմ սեփական հույսս և համոզմունքս: Նամակիս ուշանալու պատճառը գաղտնիք չէ –հիվանդությունն է, որ դուք ևս գիտեք, փառք աստուծո, և մի քանի հանգամանքներ, որ գալովս կպատմեմ: Օգոստոսի կեսերում հազիվ ելա անկողնուց: Գուցե ասեք` հիվանդ ժամանակս ևս կարելի էր նամակ գրել, բայց կսխալվեք` անկարելին կարելի դարձնելով:
Ես առողջ եմ և գուցե նամակիս հետ գամ:
Բարևում են հայրս, մայրս և մեր ընտանիքն, պարտավորեցրել են նույնպես բարև հիշելու շատ բարեկամներ:

Քո Հովհաննես Թումանյան
<Հ.Գ.>
Օլինկա ջան,
Հայրիկիդ նամակ գրելու ժամանակ անպատճառ ինձնից բարև կգրես: Կբարևես և տատիդ ու նրա քույրերին և այլոց:

Հովհաննես

Հովհ. Թումանյանի նամականուց

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

25d425b125d5258e-25d425bb25d5258d25d425b125d5258025d425b125d425bf25d5258525d425b125d5258625d425b8252c25d5258d-25d425b925d425b125d5258c25d425b125d5258525d425b1   Աբաս-թուման — Բաքու, 9/ХI Աբաս-թուման
Սիրելի Ավո.
Առողջությանս մասին ի՞նչ ես հարցնում. մեզ նման մարդիկ ինչպես կարող են առողջ լինել էս ժամանակներում — էն էլ փառք աստծու, որ կենդանի ենք, «Մշակի» ջգրու:
Ես այժմ ավելի լավ եմ: Ուժասպառ եմ եղած ու ջղերս քայքայված, բոլորովին քայքայված: Բժիշկն ասում է, այս ջղերով ոչ կարելի է ապրել, ոչ պարապել, պետք է հանգստանաս, ապրես միանգամայն բույսի նման: Եվ ահա քեզ մի նոր վրդովմունք, հիմարը երևի չգիտի, որ բույսերն էլ են թառամում, և շատ բույսեր մեզ նման նույնիսկ աշունք չհասած: Նրանց տանջանքի մասին տեղեկություն չունի — և ինչ պետք է հասկանա նրանցից, քանի որ ականջը դնում է սրտիս լսում է — լսում, ու իսկի այնտեղ էլ չի հասկանում, թե ինչ կա:
Ասում է հանգստացիր. բայց մի՞թե հեշտ հանգստություն կա մեզ համար: Մի երկու ամսով եկա հանգստանալու, և եթե գրեմ, թե ինչքան վրդովմունքներ ունեցա, հենց միայն կարդալուց դու կհիվանդանաս:
Ժողովածվիս մասին ես հարցնում: Այդ խնդիրն էլ կա մեջտեղը: Իմ մի քանի բարեկամներն ուզում են հրատարակել, շտապեցնում են, պահանջում են, և ահա բույսը պիտի աշխատի: Բայց ժողովածվի հրատարակության հետ միասին բարձրացրել էին մի ուրիշ հարց — ինձ ապահովելու, գրել էին ցրվելիք գրության ձևն ուղարկել ինձ — հարցրել իմ համաձայնությունը, ես միանգամայն հրաժարվեցի: Ավելին ասեմ, այդ դեպքը, որ մեզնում ոմանց նախանձն է շարժել, այնքան խիստ ազդեց ինձ վրա, որ ինչքան էլ ինձ զսպեցի, այսուամենայնիվ իմ նամակներն այնպես են դուրս եկել, որ նրանք վշտացել են: Սակայն ես էլ այն օրվանից եմ հանգստացել, ինչ որ համոզվել եմ, թե էլ չի լինելու այդ դիմումը: Ինչ լինելու է թող լինի, բայց թող մեզ վրա չծանրանա զանազան գյադաների բարերար ձեռքն ու մուննաթը: Ամեն մարդուց էլ չի կարելի լավություն ընդունել:
Վեսելովսկուն մի պատասխան եմ գրում, որ հասնելուն պես Շահազիզը թոշակս կտրելու է գրական ֆոնդից:
Նիկոլից երկար նամակ ունիմ, շատ լավ է, պատկերն է ղրկել: Դերենիկից քանի ժամանակ է նամակ չունիմ, իսկ Շանթը առևտրական բոլոր կուրսերը վերջացնելուց հետո եկել է մտել Վերնատուն: Դեկտեմբերին պատրաստ կլինի նրա դրաման:
Սիրուս մասին ինչ ես հարցնում, գրելով բան չի դառնալ: Ասում ես Շխովը նշանվել է
<Նամակն այստեղ ընդհատվում է>

Հովհ. Թումանյանի նամականուց

ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

images (3)     Բելի-Կլյուչ — Թիֆլիս
[1902 թ.] 23/ VIII Б. Ключ.
Սիրելի Ֆիլիպ.
Ես այժմ գիտե՞ս ինչ եմ ուզում, որ ամառը նոր սկսվեր, հեռու լինեինք ու սկսեինք մի նոր գրագրություն — գեղարվեստի մասին, սիրո մասին, կյանքի ու իր վշտերի մասին, անվերջ, անվերջ…
Շատ դուր եկավ ինձ Բինեի խոսքը, թե սերը — քաղց – է: Բայց որքան դուր եկավ, այնքան էլ ծանոթ թվաց: Չէ որ մենք էլ ենք ասում, թե կշտացանք — կարոտը, սիրո, կրքի հագուրդն առնելու մտքով — նրանից կշտացա, ասում ենք, կամ թե՝ կլինի՞ մի նրանից կշտանամ:
Ասում ես կարելի էր քաղցը գործածել: Իհարկե, կարելի է, մինչև անգամ շատ լավ է, բայց միայն այն դեպքում, երբ խոսքը կրքի, տռփական սիրո մասին է: Հենց, կարծեմ, այդ հոդվածի միտքն էլ այսպես է, ինչպես երևում է քո նամակից:
Ինչևէ, քո նոր ոճով խոսելով, դու գիտես, որ ես այժմ քաղցած եմ, բայց մի հանգամանք, որ ես այժմ դժվարանում եմ մի բառով ասելու, փչացնում է իմ ախորժակը, և ես շատ կափսոսամ, եթե բոլորովին կապվի:  Continue reading “ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ”

Հովհ. Թումանյանի նամականուց

Մարիամ Թումանյանին, Ուրավել-Վիձիսի 1901 թ. Հուլիսի 19

99324_640    Թանկագին Մարիա Մարկովնա!
Իմ կողմից միանգամայն ապահով եղեք, ես կատարյալ առողջ եմ, սառը ջուրն ինձ չի վնասում, ընդհակառակը շատ է օգնում: Ճշմարիտ է, մի ժամանակ դժվար է եղել այստեղի սառը ջրում լողանալը, բայց այժմ շատ է փոխվել ջուրը և գազն այնքան է պակասել, որ գրեթե չի նկատվում, միայն երկաթի համն է մնում: Խորհուրդ եք տալիս ձու, կաթն ու մածուն ուտելու: Ես էլ հենց այդ եմ ուզում, թեև ձուն ու մածունը դժվար են ճարվում: Մի խոսքով, շատ լավ եմ. ջուրն էլ է օգնում, օդն էլ, բայց, մանավանդ, ազատ լինելը: Գիտեք, 13 տարի է, ինչ որ ամուսնացել եմ, ես ազատ լինեու հաճույքը դեռ չեմ զգացած: Այժմ էլ, թեև ազատ չեմ զգում ընտանիքիս հոգսից, բայց գիտեմ, որ նրանք էլ լավ են, և միայն կարոտ է, որ զգում եմ, ոչ թե ծանրություն, որ զգացել եմ միշտ: Իսկ կարոտը իմ համար ամենաթանկ զգացումն է: Առհասարակ հագուրդը, կուշտ լինելը, ավելի ճիշտ` հղփանալը, իջեցնում է մարդուն ներքև: Continue reading “Մարիամ Թումանյանին, Ուրավել-Վիձիսի 1901 թ. Հուլիսի 19”

Հովհ. Թումանյանի նամականուց

ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆԹիֆլիս―Աղստաֆա, 31 հոկտեմբերի 1889 ամի, ի Տփխիս

tumanyan_family  Օլգա ջան, չեմ կարող չխոստովանիլ, որ շատ ձանձրալի են ինձ համար այս օրերը, չնայելով, որ, իհարկե,
միայնակ չեմ բոլորովին, ինչքա՜ն երկար են թվում ինձ այս ժամերը, այժմ ես զգում եմ հատկապես, որ ոչ ոք չէ կարող փոխարինել քեզ ինձ համար. զարմանալի բան, երազի նման եմ հիշում քո այստեղ եղած ժամերը։ Զգալի է դառնում ինձ համար քո բացակայությունը, մանավանդ, երբ վերադառնում եմ կոնսիստորիայից կամ երեկոյան տուն եմ գալիս։

Բարևիր մեր կողմից Մուշեղին, հայրիկին, մայրիկին, Գիգոլին և Կատոյին։ Շաքարն այստեղ է և խնդրում է, որ մեզ համար թեյ բերելիս իրան համար էլ մի երկու գրվանքա բերեք։

Գրիր, թե երբ եք գալու, որ գամ երկաթուղու կայարանը։ Արդեն բոլորը քնած են, (ժամը 11½ է) ես եմ միայն, որ արթուն եմ և նամակ եմ գրում ահա։

Քո Հովհաննես Թումանյան

<Հ. Գ.> Օլա ջան, մոռացա գրելու, որ անցյալ գիշեր երազում քեզ տեսա. թե ինչպես, ինչ դրության՝ ափսոս մոռացել եմ։

Հովհ. Թումանյանի նամականուց

ԾՆՈՂՆԵՐԻՆ Թիֆլիս―Դսեղ Ի 1885 ամի 1-ին հունվարի,ի ք Տփխիս

Tumanyan1      Հարգելի ծնողք իմ,Շնորհավոր Նոր Տարի: Որդիական սիրով և անկեղծ սրտիվ բարևս մատուցանեմ ձերդ թանկագին հրամանոցդ. եթե մեզնից հարցանեք փառք Ամենազորին ողջ եմք և առողջ. միայն ձերդ ողջությունն կցանկամք։ Մինչև այստեղ նույն իսկ նոր տարու օրն եմ գրել և հանկարծ սրտիս վրա գնալով՝ էլ չգրեցի, որովհետև ահա քանի անգամ է նամակ եմ գրում պատասխան չեմ ստանում: Ստացա ձեր ուղարկած տասը (10) ռուբլին, չի առա պալտո, ալ երկու մանեթ (2 մնթ) և մի քանի շահի, որ պարտ էինք չերչոնց տղերանցը, տվի, մնացածը կենում է և ուզում եմ վերնաշապիկ, շալվար և շապիկ ու շապկահնգեր առնել իսկ պալտոն ավելորդ եմ համարում, որովհետև այստեղ տաք է, ուսումնարանը տաք է, մեջտեղը մի քանի քայլ, էլ ուրիշ գնալու տեղ չունեմ. ստացանք նույնպես մի տիկ թան, մի աղլուխ չիր և մի տոպրակ պանիր, ամանները հետ ուղարկեցի. նույնպես ուղարկեցի շաքար, չայի, քյամար մի հատ և կանֆետ րեխանց համար (անցյալ նամակում ևս գրել եմ)։ Ստացա այժմ և մի թաս յուղ (յուղ ավելորդ էր) ուղարկում եմ ահա թասը, տոպրակը և ձեր ասած սև կոճակները. Վկայականս ստացա, թվանշաններս լավն էին. տեղս էլ շատ լավ է։ Խնդրեմ շուտով նամակ գրեք. իսկ Ռոստոմից շատ նեղացած եմ, որ նամակ չի գրում: Մայրիկ ջան, խնդրեմ փոխինձ ուղարկես և գուլբեք, ուրիշ ոչինչ. Հա, մոռացա, անցյալ անգամ Նեսոյի հետ ուղարկեցի և երկու աղլուխ:

Շատ բարև են անում ձեզ Ավագը, Նատոն, Օսանը, Մոսեսը, Ներսեսը։

Իսկ իմ կողմից շատ բարև կանեք քեռոնց, բիձոնց և բոլոր ազգականաց և բարեկամաց։

Ձեր որդի Հովհաննես Թումանյանց

Այս նամակի կեսն նույն իսկ նոր տարու օրն՝ հունվարի մեկին եմ գրել, կեսը հունվարի 17-ին, իսկ երեսը փետրվարի 25-ին և ահա ուղարկում եմ Մարտի 12-ին։